Выбрать главу

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, որ մի անգամ Պոդեբրադի կուրորտում ահա այդպիսի մի միզամանի հետ շատ մազալու բան է պատահել… Այդ մասին մեր քաղաքում պատմում էին Վինոգրադիի պանդոկներից մեկում։ Այն ժամանակ Պոդեբրադիիում սկսել էին հրատարակել «Անկախություն» կոչվող մի ժուռնալիկ, որի գլուխն էր անցել Պոդեբրադիի դեղատան տերը, իսկ խմբագիր էր նշանակվել դոմաժլիցցի Վլադիսլավ Հայեկը։

Դեղատան տերը շատ տարօրինակ մարդ էր, հին միզամաններ ու ամեն տեսակ անպետք բաներ էր հավաքում, այնպես որ մի ամբողջ թանգարան էր ստեղծել։ Իսկ իմ ասած Հայեկը մի անգամ իր տուն է հրավիրում իր մի բարեկամին, որը նույնպես գրում էր թերթերում։ Այստեղ նրանք մի լավ կոնծում են, քանի որ մի ամբողջ շաբաթ չէին տեսնվել։ Եվ բարեկամը նրան խոստանում է այդ հյուրասիրության համար մի «ֆիլիտոն» գրել ասածս «Անկախություն» անկախ ժուռնալի մեջ, որից ինքը կախում ուներ։ Եվ ահա նրա բարեկամը մի «ֆիլիտոն» է գրում ոմն կոլեկցիոների մասին, որր Լաբայի ափին ավազի, մեջ մի թիթեղե միզաման էր գտել և, այն համարելով սուրբ Վացլավի սաղավարտը, այնպիսի աղմուկ էր բարձրացրել, որ Հրադեցի եպիսկոպոս Բրինիխը թափորով ու խաչվառներով եկել էր սաղավարտը տեսնելու։ Պոդեբրադիի դեղատան տերը կարծեց, թե դրանով իրեն են ակնարկում, և Հայեկին դատի տվեց։

Պոդպորուչիկը մեծ բավականությամբ Շվեյկին ցած կհրեր, բայց ինքն իրեն զսպեց և բոլորի վրա բղավեց.

— Ձե՛զ ասում եմ, այստեղ իզուր չկանգնել ու չնայել։ Դուք բոլորդ ինձ դեռ չեք ճանաչում, բայց կճանաչեք։ Դուք կմնաք այստեղ, Շվեյկ,— հրամայեց նա սպառնագին, երբ Շվեյկը մյուսների հետ միասին քայլերն ուղղեց դեպի վագոնը։

Նրանք մնացին երես առ երես։ Պոդպորուչիկ Դուբը մտածում էր, թե էլ ինչ ահաբեկիչ բան ասի, բայց Շվեյկը նրան կանխեց․

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, լավ կլինի այս եղանակը երկար տևի։ Ցերեկը այնքան էլ շոգ չէ, իսկ գիշերները շատ հաճելի են։ Ռազմական գործողությունների ամենահարմար ժամանակն է։

Պոդպորուչիկ Դուբը դուրս քաշեց ատրճանակն ու հարցրեց․

— Գիտե՞ս սա ինչ է։

— Ճիշտ այդպես, պարոն լեյտենանտ, գիտեմ։ Մեր օբեր-լեյտենանտ Լուկաշի ատրճանակն էլ ճիշտ և ճիշտ այդպիսին է։

— Ուրեմն, միտդ պահիր, սրիկա՛,— խստորեն և արժանապատվորեն ասաց պոդպորուչիկ Դուբը, ատրճանակը տեղը դնելով։— Իմացած եղիր, որ վերջդ վատ կլինի, եթե սրանից հետո էլ շարունակես քո պրոպագանդան։

Պոդպորուչիկ Դուբը հեռանալով՝ գոհունակորեն ինքն իրեն կրկնում էր. «Լավ ասացի նրան, պրո-պա-գան-դան, այո՛, պրո-պա-գան-դա՜ն․․․»։

Նախքան վագոն մտնելը, Շվեյկը մի քիչ հետ ու առաջ քայլեց, ինքն իրեն քրթմնջալով.

— Ո՞ր դասի մեջ մտցնեմ նրան,— և նրա գիտակցության մեջ քանի գնում, այնքան որոշակի էր դառնում «կիսատռան» անունը։

Զինվորական բառապաշարի մեջ «տռան» բառը վաղուց ի վեր մեծ սեր էր վայելում։ Այդ պատվավոր անունը տրվում էր գլխավորապես գնդապետներին կամ տարեց կապիտաններին ու մայորներին։ «Տռան»-ը «քնձռոտ ծերուկ» մականվան հաջորդ աստիճանն էր… Առանց այդ մակդիրի «ծերուկ»-ը փաղաքշական անուն էր համարվում այն ծեր գնդապետի կամ մայորի համար, որը թունդ գոռգոռում, բայց իր զինվորներին սիրում և պաշտպանում էր մյուս գնդերից, մանավանդ օտար պարեկներից, որոնք նրա զորամասի զինվորներին գինետներից դուրս էին հանում, երբ նրանք այնտեղ նստում էին սահմանված ժամանակից ավելի։ «Ծերուկը» զինվորների մասին հոգում էր, հետևում, որ ճաշը լավ լինի։ Սակայն նա անպայման որևէ թուլություն էր ունենում, և երբ թուլությունը բռնում էր՝ էլ պրծավ։ Դրա համար էլ նրան «ծերուկ» էին անվանում։

Բայց եթե «ծերուկը» իզուր տեղը բծախնդրություն էր անում զինվորների և ենթասպաների նկատմամբ, գիշերային վարժություններ ու նմանօրինակ բաներ սարքում, ապա նա սոսկական «ծերուկից» դառնում էր «անպիտան ծերուկ» կամ «նողկալի ծերուկ»։

Անպիտանության, բծախնդրության ու հիմարության բարձրագույն աստիճանը արտահայտվում էր «տռան» բառով։ Այդ բառն իր մեջ ամփոփում էր ամեն ինչ։ Բայց քաղաքացիական տռանի և զինվորական տռանի միջև մեծ տարբերություն կար։

Առաջինը, քաղաքացիականը, նույնպես պետ է հանդիսանում, և սովորաբար հիմնարկներում նրան այդպես անվանում են ցրիչներն ու աստիճանավորները։ Նա ֆիլիստեր-բյուրոկրատ է, որը հանդիմանում է, օրինակ, այն բանի համար, որ սևագրությունը ծծանով լավ չեն չորացրել և այլն։ Նա բացառիկ ապուշ է և անասուն, ավանակ, որը խելոք է ձևանում, ցույց տալիս, թե իբր ամեն ինչ հասկանում է, ամեն ինչ կարողանում է բացատրել, և, բացի դրանից, բոլորից նեղանում է։

Ով զինվորական ծառայության մեջ եղել է, նա, իհարկե, հասկանում է այդ տիպի և զինվորական մունդիր կրող տռանի միջև եղած տարբերությունը։ Այստեղ այդ բառը նշանակում էր այնպիսի ծերուկ, որը եղել է իսկական անպիտան ծերուկ, որը շարունակ զոռով փորձանքի մեջ է ընկել և, այնուամենայնիվ, ընկրկել ամեն մի խոչընդոտի առաջ։ Նա զինվորներին չի սիրել, ապարդյուն պայքարել է նրանց դեմ, զինվորների մեջ ձեռք չի բերել այն հեղինակությանը, որ վայելում է սոսկական «ծերուկը» և մասամբ «նողկալի ծերուկը»։

Մի քանի կայազորներում, ինչպես, օրինակ, Տրենտոյի կայազորում, «տռանի» փոխարեն ասում էին «մեր հին արտաքնոցը»։ Այդ բոլոր դեպքերում խոսքը վերաբերվում էր տարեց մարդու, և եթե Շվեյկն իր մտքում պոդպորուչիկ Դուբին անվանեց «կիսատռան», ապա վարվեց միանգամայն տրամաբանորեն, քանզի պոդպորուչիկ Դուբը և՛ տարիքով, և՛ աստիճանով, և՛ առհասարակ իր ամեն ինչով «տռանից» դեռևս հիսուն տոկոսով պակաս էր։