Выбрать главу

Այդ մտքերով տարված վերադառնալով իր վագոնը, Շվեյկը հանդիպեց սպասյակ Կուներտին։ Կուներտի թուշն ուռած էր, և նա անհասկանալի քրթմնջում էր, թե քիչ առաջ ընդհարում է ունեցել պոդպորուչիկ Դուբի հետ, որն առանց որևէ պատճառի նրան ապտակներ է հասցրել, ասելով, թե իբր որոշակի ապացույցներ ունի, որ Կուներտը Շվեյկի հետ կապ է պահպանում։

― Որ այդպես է,— ասաց Շվեյկը,— գնանք զեկույցի։ Ավստրիական զինվորը պարտավոր է ապտակներ հանդուրժել միայն որոշ դեպքերում։ Քո պարոնը բոլոր սահմաններն անցել է, ինչպես ասում էր ծերուկ Եվգենի Սավոյացին՝ «այստեղից մինչև այստեղ»։ Հիմա դու պարտավոր ես գնալ զեկույցի, իսկ եթե չգնաս՝ ես ինքս քեզ մի ապտակ կտամ։ Այն ժամանակ կիմանաս, թե զինվորական կարգապահությունն ինչ է։ Կառլինի զորանոցներում մի լեյտենանտ կար, ազգանունը Հաուսներ։ Նա էլ մի սպասյակ ուներ, որի ռեխին խփում էր ու քամակին քացիներ հասցնում։ Մի անգամ լեյտենանտն այնպես ջնջխեց այդ սպասյակի ռեխը, որ նա բոլորովին բժժեց ու գնաց զեկույցի, իսկ զեկույցի ժամանակ ամեն ինչ իրար խառնեց և ասաց, թե իրեն քացիներ են տվել։ Իհարկե, մեծապատիվ սպասյակին սուտ զեկույցի համար երեք շաբաթ նստեցրին։

— Սակայն դրանով բանը չի փոխվում,— շարունակեց Շվեյկը,― Չէ՞ որ դա հենց այն է, որի մասին հաճախ սիրում էր խոսել բժշկական ֆակուլտետի ուսանող Հոուբչիկան։ Նա ասում էր, որ միևնույնն է, թե պատալոգիական ինստիտուտում ում կհերձես, կախվա՞ծ թե թունավորված մարդու։ Ես էլ եմ գալիս քեզ հետ։ Պատերազմի ժամանակ երկու ապտակը շատ բան է նշանակում։

Կուներտը բոլորովին բժժեց և Շվեյկի հետևից քարշ եկավ դեպի շտաբի վագոնը։

Պոդպորուչիկ Դուբը լուսամուտից գլուխը դուրս հանելով՝ գոռաց.

— Ի՞նչ եք անում այստեղ, սրիկանե՛ր։

― Քեզ արժանավայել կերպով պահիր,— խորհուրդ տվեց Շվեյկը Կուներտին, նրան ներս հրելով վագոնը։

Վագոնի միջանցք դուրս եկավ պորուչիկ Լուկաշը, իսկ նրա հետևից՝ կապիտան Սագները։

Պորուչիկ Լուկաշը, որ Շվեյկի պատճառով այնքան անախորժություններ էր ապրել, շատ զարմացավ, քանի որ Շվեյկի դեմքը զրկվել էր իր սովորական բարեհոգությունից, այլևս չուներ բոլորին ծանոթ անուշիկ արտահայտությունը։ Դեռ ընդհակառակը, նրա դեմքը ցույց էր տալիս, որ տեղի են ունեցել նոր անախորժ իրադարձություններ։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր֊լեյտենանտ,— ասաց Շվեյկը,— զեկույցի հարց կա։

— Միայն թե, խնդրում եմ, հիմար մի՛ ձևանա, Շվեյկ։ Դա ինձ արդեն զզվեցրել է։

— Թույլ տվեք ասել, ես ձեր երթային գնդի հանձնակատարն եմ, իսկ դուք, թույլ տվեք ասել, բարեհաճում եք լինել տասնմեկերորդ վաշտի հրամանատարը։ Ես գիտեմ, որ դա շատ տարօրինակ է թվում, բայց այն էլ գիտեմ, որ պարոն լեյտենանտ Դուբը ձեզ է ենթարկվում։

— Դուք, Շվեյկ, բոլորովին ցնդել եք,— ընդհատեց նրան պորուչիկ Լուկաշը։— Դուք հարբած եք և ավելի լավ կանեք, եթե այստեղից հեռանաք։ Հասկանո՞ւմ ես, տխմար անասուն։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր֊լեյտենանտ,— ասաց Շվեյկը, առաջ հրելով Կուներտին,— սա ճիշտ և ճիշտ նման է այն բանին, թե ինչպես մի անգամ Պրագայում փորձում էին պաշտպանական վանդակը, որպեսզի ոչ ոք տրամվայի տակ չընկներ։ Այդ փորձի համար իրեն զոհաբերեց հենց ինքը գյուտարարը, իսկ հետո քաղաքը ստիպված եղավ նրա այրուն հատուցում վճարել։

Կապիտան Սագները, չիմանալով ինչ ասել, գլուխը շարժում էր ի նշան համաձայնության, մինչդեռ պորուչիկ Լուկաշի դեմքը հուսահատություն էր արտահայտում։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր֊լեյտենանտ, ամեն ինչի մասին պետք է զեկուցել,— անողոքաբար շարունակեց Շվեյկը։— Դեռևս Բրուկում դուք ինձ ասում էիք, պարոն օբեր-լեյտենանտ, թե քանի որ ես դարձել եմ վաշտի հանձնակատար, ապա զանազան հրամաններ կատարելուց բացի, ուրիշ պարտականություններ էլ ունեմ։ Ես պետք է իրազեկ լինեմ այն ամենին, ինչ կատարվում է վաշտում։ Այդ կարգագրության հիման վրա ինձ թույլ եմ տալիս ձեզ զեկուցել, պարոն օբեր֊լեյտենանտ, որ պարոն լեյտենանտ Դուբը առանց որևէ պատճառի ապտակել է իր սպասյակին։ Այդ մասին, համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր֊լեյտենանտ, ես բոլորովին չէի խոսի, բայց քանի որ պարոն լեյտենանտ Դուբը ձեր ստորադրյալն է, ապա մտածեցի, որ պարտավոր եմ այդ մասին ձեզ զեկուցել։

— Տարօրինակ բան,— մտածկոտ ասաց կապիտան Սագները։

— Ինչո՞ւ եք դուք, Շվեյկ, Կուներտին շարունակ մեր կողմը հրում։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն գումարտակի հրամանատար, ամեն ինչի մասին հարկավոր է զեկուցել։ Նա հիմար է․ պարոն լեյտենանտ Դուբը նրա մռութը ջնջխել է, իսկ նա ամաչում էր մենակ գնալ զեկույցի։ Բարեհաճեցեք, պարոն կապիտան, տեսնել, թե ինչպես նրա ծնկները գողում են․ քիչ է մնում վախից մեռնի, որ պետք է զեկույց տա։ Ես որ չլինեի, նա երբեք սիրտ չէր անի գալ զեկուցելու, ինչպես այն բիտոուխովցի Կուգելը, որը իսկական ծառայության մեջ այնքան գնաց զեկուցելու, մինչև որ նրան տեղափոխեցին նավատորմ, որտեղ ծառայեց մինչև կորնետի աստիճան ստանալը և հետո Խաղաղ օվկիանոսի ինչ֊որ կղզում դասալիք հայտարարվեց։ Հետո նա այնտեղ ամուսնացավ և զրույց ունեցավ ճանապարհորդ Գավլասայի հետ, որը ոչ մի կերպ չէր կարողանում նրան տեղաբնակներից տարբերել։ Առհասարակ շատ ցավալի է, որ մարդ ստիպված է լինում մի քանի դատարկ ապտակների համար զեկույցի գնալ։ Նա առհասարակ չէր ուզում այստեղ գալ, ասում էր, թե չի գա։ Նա այնքան այդպիսի ապտակներ է կերել, որ չի էլ իմանում, թե հիմա խոսքը որ ապտակի մասին է։ Նա ինքը երբեք չէր գա այստեղ և առհասարակ չէր ուզում գալ զեկուցելու։ Նա սրանից հետո էլ թույլ կտա իրեն ծեծել։ Համարձակվում եմ զեկուցել, պարոն կապիտան, նայեցեք նրան, տեսեք, թե ինչպես վախից բժժել է։ Մյուս կողմից էլ, նա պարտավոր է անմիջապես բողոքել, քանի որ մի քանի ապտակ է ստացել։ Բայց նա չէր համարձակվում, որովհետև գիտեր, որ ավելի լավ է, ինչպես գրել է մի բանաստեղծ, լինել «համեստ մանուշակ»։ Նա, ախր, պարոն լեյտենանտ, Դուբի սպասյակն է։