Կուներտին առաջ հրելով, Շվեյկը նրան ասաց․
― Մի սրթսրթա ուռենու տերևի պես։
Կապիտան Սագները Կուներտին հարցրեց, թե բանն ինչպես է եղել։ Կուներտը, ամբողջ մարմնով դողալով, խնդրեց այդ մասին հարցնել իրեն՝ պարոն լեյտենանտին, և ասաց, որ առհասարակ պարոն լեյտենանտ Դուբը նրա մռութին չի խփել։
Հուդա Կուներտը, շարունակելով դողդողալ, նույնիսկ այն էլ ասաց, թե այդ ամենը Շվեյկն է հնարել։
Այդ ցավալի միջադեպին վերջ դրեց ինքը՝ պոդպորուչիկ Դուբը, որ հանկարծ հայտնվեց և Կուներտի վրա գոռաց․
— Ուզում ես նո՞ր ապտակ ստանալ։
Ամեն ինչ պարզ դարձավ, և կապիտան Սագները պոդպորուչիկ Դուբին ուղղակի հայտարարեց․
— Այսօրվանից Կուներտը ուղարկվում է գումարտակի խոհանոց, իսկ ինչ վերաբերում է նոր սպասյակ նշանակելուն, ապա այդ հարցով դիմիր ավագ գրագիր Վանեկին։
Պոդպորուչիկ Դուբը ձեռքը հովարին դրեց և հեռանալիս Շվեյկին ասաց․
— Գրազ կգամ, որ կախաղանից չեք խուսափի։
Դուբի գնալուց հետո Շվեյկը զգացված ու մտերմաբար դիմեց պորուչիկ Լուկաշին․
— Մնիխով Գրադիշչեում էլ մի այդպիսի պարոն կար։ Մի անգամ նա էլ նույն բանն ասաց մի այլ պարոնի, որը պատասխանեց․ «Ուրեմն, կախաղանի տակ կտեսնվենք»։
— Համա՜ թե ապուշ եք, Շվեյկ,— սրտանց ասաց պորուչիկ Լուկաշը։— Միայն թե չհամարձակվեք, ինչպես սովորաբար անում եք, պատասխանել․ «ճիշտ այդպես, ապուշ եմ»։
— Frappante![110]— բացականչեց կապիտան Սագները, գլուխը դուրս հանելով լուսամուտից։ Նա ուրախությամբ գլուխը ներս կքաշեր, բայց արդեն ուշ էր։ Դժբախտությունն արդեն տեղի էր ունեցել․ լուսամատի տակ կանգնած էր պոդպորուչիկ Դուբը։
Պոդպորուչիկ Դուբը իր ափսոսանքը հայտնեց, որ կապիտան Սագները գնացել և չէր լսել նրա եզրակացություններն արևելյան ճակատի հարձակման մասին։
— Եթե մենք ուզում ենք ինչպես հարկն է հասկանալ այդ վիթխարի հարձակումը,— գոռում էր պոդպորուչիկ Դուբը լուսամուտն ի վեր,― մեզ հաշիվ պետք է տանք, թե հարձակումն ինչպես ծավալվեց ապրիլի վերջերին։ Մենք պետք է ճեղքեինք ռուսական ճակատը և այդ ճեղքման համար ամենաձեռնտու համարեցինք Կարպատների և Վիսլայի միջև ընկած ճակատը։
— Այդ մասին ես քեզ հետ չեմ վիճում,— չոր պատասխանեց Սագները և լուսամուտից հեռացավ։
Կես ժամ հետո, երբ գնացքը նորից շարժվեց Սանոկի ուղղությամբ, կապիտան Սագները մեկնվեց նստարանի վրա և քնած ձևացավ, որպեսզի պոդպորուչիկ Դուբը նորից գլուխ չտաներ հարձակմանը վերաբերող իր անմտություններով։
Այն վագոնում, որտեղ գտնվում էր Շվեյկը, պակասում էր Բալոունը։ Նա խնդրել էր իրեն թույլ տալ հացով քերել ու մաքրել այն կաթսան, որի մեջ գուլյաշ էին եփել։ Գնացքը մեկնելու պահին Բալոունը գտնվում էր դաշտային խոհանոցների բաց վագոնում և, երբ գնացքը ցնցվեց, նա շատ անախորժ դրության մեջ ընկավ, գլխիվայր թրմփալով կաթսայի մեջ։ Կաթսայից դուրս էին ցցված միայն ոտքերը։ Շուտով նա ընտելացավ այդ նոր վիճակին, և կաթսայի միջից վերստին ճպճպոց հնչեց, ճիշտ այնպիսի ճպճպոց, որ ոզնին արձակում է ուտիճներ որսալիս։ Հետո լսվեց Բալոունի աղերսալից ձայնը․
— Ի սեր աստծո, եղբայրնե՛ր, բարի եղեք, ինձ համար մի կտոր էլ հաց գցել այստեղ։ Այստեղ սոուս շատ կա։
Այդ երանությունը շարունակվեց մինչև հաջորդ կայարանը, որին տասնմեկերորդ վաշտը հասավ փայլելու աստիճան մաքրված կաթսայով։
― Աստված ձեր կյանքն երկար անի ընկերներ,— սրտանց շնորհակալություն հայտնեց Բալոունը։— Այն օրվանից, ինչ զինվորական ծառայության մեջ եմ, առաջին անգամ է բախտս բանում։
Եվ նա իրավացի էր։ Լուպկայի լեռնանցքում Բալոունը երկու բաժին գուլյաշ ստացավ։ Բացի դրանից, պորուչիկ Լուկաշը, որի համար Բալոունը սպայական խոհանոցից ճաշը բերեց առանց ձեռք տալու, ուրախությունից կեսից ավելին թողեց նրան։ Բալոունը միանգամայն երջանիկ էր։ Նա ճոճում էր ոտքերը, որ ցած էր կախել վագոնից։ Հանկարծ զինվորական ծառայությունը նրան մի տեսակ ջերմ ու հարազատ թվաց։
Խոհարարը սկսեց նրան ձեռք առնել։ Նա ասաց, թե Սանոկում նրանց համար ընթրիք և մի ճաշ էլ են պատրաստելու այն ընթրիքների ու ճաշերի փոխարեն, որ զինվորները ճանապարհին չեն ստացել։ Բալոունը հավանություն տալով գլուխը շարժեց և շշնջաց․ «Ա՛յ, կտեսնեք, ընկերներ, աստված մեզ չի լքի»։