Աստվածաբանական բանավեճ
Պատահում էր, որ Շվեյկը օրերով չէր տեսնում զինվորների հոգիների հովվին։ Իր հոգևոր պարտականությունները ֆելդկուրատը զուգակցել էր քեֆերի հետ և տուն էր գալիս բավական հազվադեպ, այն էլ ոտից գլուխ աղտոտված ու ցեխոտ, ինչպես կատուն տանիքների վրա զբոսնելուց հետո։
Տուն գալուց հետո ֆելդկուրատը, եթե առհասարակ դեռ ի վիճակի էր խոսելու, քնելուց առաջ Շվեյկի հետ զրուցում էր բարձր նյութերից, հոգևոր էքստազի և մտածողության պատճառած խնդության մասին, իսկ երբեմն նույնիսկ փորձում էր Հայնեից մեջբերումներ անել։
Շվեյկը ֆելդկուրատի հետ մի դաշտային պատարագ էլ կատարեց սակրավորների մոտ, ուր սխալմամբ հրավիրված էր նաև մի ուրիշ ֆելդկուրատ, որ դպրոցի նախկին կրոնուսույց էր, չափազանց աստվածավախ անձնավորություն։ Սա շատ զարմացած նայեց իր կոլեգա Կացին, երբ նա առաջարկեց մի կում կոնյակ անուշ անել այն տափաշշից, որ Շվեյկը հետը ման էր ածում կրոնական ծեսեր կատարելիս։
— Լա՛վ կոնյակ է,— ասաց Օտտո Կացը։— Խմեցեք ու գնացեք տուն։ Ես ինքս ամեն ինչ կանեմ։ Ես այսօր պետք է մաքուր օդում լինեմ, թե չէ գլուխս, չգիտեմ ինչու, ցավում է։
Աստվածավախ ֆելդկուրատը գլուխն օրորեց ու գնաց, իսկ Կացը, ինչպես միշտ, իր դերը փայլուն կերպով կատարեց։ Այս անգամ նա աստծո արյուն դարձրեց սոդաջրախառն գինին, և քարոզը սովորականից ավելի երկար տևեց, ըստ որում ամեն մի երեք բառից մեկն էր կամ «և այլն»-ը, կամ «անտարակույս»-ը։
— Զինվորնե՛ր, այսօր դուք գնում եք ռազմաճակատ և այլն։ Ուրեմն, ուղղեցեք ձեր սիրտն առ աստված և այլն։ Անտարակույս։ Ձեզնից ոչ ոք չգիտի, թե ձեզ ինչ կպատահի։ Անտարակույս։ Եվ այլն։
Բեմի մոտ շարունակում էին թնդալ «և այլն» ու «անտարակույս»-ը աստծո և ամենայն սրբոց անունների հետ մեջընդմեջ։
Էքստազով և հռետորական ավյունով համակված, ֆելդկուրատը իշխան Եվգենի Սավոյսկուն դարձրեց մի սուրբ, որը սակրավորներին պետք է պահպանի պոնտոնային կամուրջներ կառուցելիս։
Այնուամենայնիվ դաշտային պատարագն ընթացավ առանց որևէ անախորժության, հաճելի և ուրախ։ Սակրավորները մի կուշտ զվարճացան։
Տուն վերադառնալիս Շվեյկին և ֆելդկուրատին չէին ուզում թույլ տալ, որ իրենց ծալովի բեմով տրամվայ մտնեն։ Բայց Շվեյկը կոնդուկտորին սպառնաց.
— Տես, հա՜, այս սուրբ բեմը գլխովդ կտամ։
Վերջապես տուն հասնելով, նրանք հանկարծ նկատեցին, որ ճանապարհին մասնատուփը կորցրել են։
— Ոչի՛նչ,— ասաց Շվեյկը։— Առաջին քրիստոնեաներն առանց մասնատուփի էլ են պատարագ արել։ Եթե մասնատուփը կորցնելու մասին թերթում հայտարարություն տանք, գտնողը մեզնից հատուցում կպահանջի։ Եթե դա փող լիներ, հազիվ թե մեկն ու մեկը վերադարձներ… Սակայն այդպիսի մարդիկ էլ են լինում։ Մեր գնդում, Բուդեյովիցիում, մի զինվոր կար, տարօրինակ ու լավ, բայց և հիմար տղա էր։ Մի անգամ նա փողոցում վեցհարյուր կրոն փող գտավ ու հանձնեց ոստիկանությանը։ Նույնիսկ թերթերում գրեցին, թե, տեսե՛ք, ինչ ազնիվ մարդ է։ Համա՜ թե փորձանք բերեց իր գլխին։ Ոչ ոք չէր ուզում նրա հետ նույնիսկ խոսել։ Բոլորը միաբերան ասում էին․ «Տխմար մարդ ես, բա այդպիսի հիմարություն կանե՞ն։ Դրա համար մինչև կյանքիդ վերջը պիտի կարմրես, եթե միայն մեջդ մի կաթիլ ամոթ մնացել է»։ Առաջ մի սիրած աղջիկ ուներ, սա էլ սկսեց հետը չխոսել։ Իսկ երբ նա արձակուրդ առավ ու գնաց տուն, ապա այդ պատմության պատճառով ընկերները նրան պարերեկույթների ժամանակ պանդոկներից դուրս էին շպրտում։ Տղան սկսեց ոտի վրա չորանալ, դարդակոխ եղավ ու, վերջապես, իրեն գցեց գնացքի տակ… Բայց ահա մի ուրիշ դեպք էլ։ Մեր փողոցում ապրող մի դերձակ ոսկյա մատանի էր գտել։ Նրան զգուշացնում էին, թե ոստիկանությանը մի հանձնիր, իսկ նա իր էշն էր քշում։ Ոստիկանատանը նրան ընդունել էին շատ սիրալիր, թե, իրոք, գոհարակն մատանու կորստյան մասին իրենք արդեն հայտարարություն ստացել են։ Բայց հետո նայել էին մատանու քարին ու ասել. «Լսեցեք, սիրելիս, չէ՞ որ սա ապակի է, և ոչ թե գոհար։ Գոհարը քանիսո՞վ եք ծախել։ Ձեզ նման «ազնիվ գտնողներ» շատ ենք տեսել»։ Ի վերջո պարզվել էր, որ մի ուրիշ մարդ էլ կորցրած է եղել կեղծ գոհարի ակով մատանի։ Բայց դերձակն ստիպված էր երեք օր նստել, որովհետև գրգռված վիճակում վիրավորանք էր հասցրել ոստիկանությանը։ Օրինական հատուցում նա, այնուամենայնիվ, ստացավ, արժեքի տասը տոկոսը, այսինքն մեկ կրոն քսան հելլեր, քանի որ այն խլամը տասներկու կրոն արժեր։ Սակայն դերձակն այդ օրինական հատուցումը վերցրեց ու շպրտեց մատանու տիրոջ երեսին, սա էլ նրան դատի տվեց իր անձը վիրավորելու համար, և դերձակից տասը կրոն տուգանք վերցրին։ Դրանից հետո դերձակն ամեն տեղ ասում էր, թե կորած բան գտնելու մասին ազնվորեն հայտարարող յուրաքանչյուր մարդուց պետք է քսանհինգ կրոն տուգանք վերցնել, թե նրանց պետք է ծեծելով կիսամեռ անել և հրապարակով մտրակահարել, որպեսզի բոլորն իմանան, թե նման դեպքերում ինչպես պետք է վարվել… Իմ կարծիքով ոչ ոք մեր մասնատուփը հետ չի բերի, թեև հետևի կողմին կա գնդի կնիքը։ Ոչ ոք չի ուզում պետական իրերի հետ գործ ունենալ։ Շատ ավելի լավ է դրանք ջուրը գցել, որ գլխացավանք չլինի… Երեկ «Ոսկյա պսակի մոտ» պանդոկում զրուցում էի գավառից եկած մի մարդու հետ, որն արդեն հիսուն տարեկան է։ Եկել է Նովայա Պակա՝ շրջանային վարչությունից իմանալու, թե իր սայլն ինչու են բռնագրավել։ Հետ դառնալիս, երբ նրան արդեն դուրս էին շպրտել շրջանային վարչությունից, կանգ է առել զինվորական գումակին նայելու, որը հենց նոր եկած ու կանգնած է եղել հրապարակում։ Մի զինվոր տղա, որ բանակի համար պահածոներ է տանելիս եղել, նրան խնդրել է մի րոպե ձիերին նայել, ու էլ չի վերադարձել։ Երբ գումակը սկսել է շարժվել, ծանոթս ստիպված է եղել բոլորի հետ միասին գնալ մինչև Հունգարիա, իսկ Հունգարիայում նա ինքը մի ուրիշի խնդրել է կանգնել սայլի մոտ և միայն այդ կերպ գլուխն ազատել, թե չէ մինչև Սերբիա էլ քարշ կտային։ Եկել է ոնց որ խելագար և հիմա էլ չի ուզում պետական իրերի հետ գործ ունենալ։