Выбрать главу

Ուշքի գալով, աստվածավախ ֆելդկուրատը շշնջաց.

― Կրոնը մտավոր հայեցողություն է… Ով չի հավատում սուրբ երրորդության գոյությանը…

― Շվե՛յկ,— ընդհատեց նրան Կացը,— պարոն ֆելդկուրատի համար մի գավաթ էլ կոնյակ լցրեք, թող ուշքի գա։ Մի բան պատմեցեք նրան, Շվե՛յկ։

— Վլաշիմում, համարձակվում եմ զեկուցել, պարոն ֆելդկուրատ,— սկսեց Շվեյկը,— մի վանահայր կար։ Երբ նրա առաջվա տնտեսուհին, երեխային ու փողերն առած, թողել ու փախել էր նրանից, նա մի նոր աղախին էր վարձել։ Այդ վանահայրը օր ծերության սկսել էր ուսումնասիրել սուրբ Ավգուստինոսին, որին եկեղեցու սուրբ հայրերի դասն են կարգում։ Կարդաց ու իմացավ, թե ով հավատում է հակոտնյաների գոյությանը՝ ենթակա է նզովքի։ Կանչեց նա իր աղախնուն ու ասաց. «Լսեցեք, մի անգամ դուք ինձ ասել եք, թե մեխանիկ-փականագործ որդի ունեք, և թե նա գնացել է Ավստրալիա։ Եթե դա այդպես է, ապա, ուրեմն, նա դարձել է հակոտնյա, իսկ սուրբ Ավգուստինոսը պատվիրում է նզովել ամեն մի մարդու, որ հավատում է հակոտնյաների գոյությանը»։ «Հայր սուրբ,— ասում է նրան այն կնիկը,— ախր իմ տղան ինձ նամակ ու փող է ուղարկում»։— «Դա սատանայական կախարդություն է,― ասում է նրան վանահայրը։ — Ըստ Ավգուստինոսի ուսմունքի ոչ մի Ավստրալիա գոյություն չունի։ Պարզապես ձեզ նեռն է գայթակղում»։ Կիրակի օրը նա եկեղեցում աղախնուն հրապարակավ նզովեց և գոռում էր, թե ոչ մի Ավստրալիա գոյություն չունի։ Դեհ, իհարկե, նրան հենց եկեղեցուց տարան գժանոց։ Եվ վատ չէր լինի, որ շատերին տանեին այնտեղ։ Ուռսուլինուհիների վանքում մի շիշ կույս Մարիամի կաթ կա, իսկ երբ Բենեշովի որբանոցը Լուրդի սուրբ ջուր բերին, որբերն այդ ջրից այնպիսի լուծ կպան, որ ասել չեմ կարող։

Աստվածավախ ֆելդկուրատի աչքերն սկսեցին շաղվել։ Նա ուշքի եկավ միայն կոնյակի մի նոր գավաթ պարպելուց հետո, որը նրա գլուխը խփեց։ Աչքերը կկոցելով, նա Կացին հարցրեց.

— Դուք չե՞ք հավատում կույս Մարիամի անմեղսական հղությանը, չե՞ք հավատում, որ սուրբ հովհաննես Մկրտչի մատը, որ պահվում է պիարիստների մոտ, իսկական է։ Եվ առհասարակ աստծուն չե՞ք հավատում։ Իսկ եթե չեք հավատում, էլ ինչի՞ համար եք ֆելդկուրատ։

— Թանկագին կոլեգա,— պատասխանեց Կացը, ներողամտաբար թեթևակի խփելով նրա մեջքին,― քանի դեռ պետությունը գտնում է, որ մեռնելու գնացող զինվորներն աստծո օրհնության կարիք ունեն, ֆելդկուրատի պաշտոնը կարգին վարձատրվող և այնքան էլ չհոգնեցնող զբաղմունք է։ Դա ինձ ավելի է դուր գալիս, քան վարժադաշտում վազվզելն ու զորախաղերի գնալը։ Առաջ ես իմ պետերի հրամաններն էի կատարում, իսկ հիմա ինչ ուզում անում եմ։ Ես ներկայացուցիչն եմ նրա, որ գոյություն չունի, և աստծո դերը ինքս եմ կատարում։ Եթե ես չուզենամ մեկնումեկի մեղքերին թողություն տալ՝ չեմ տա, թեկուզ ծնկաչոք աղաչի։ Ասենք, այդպիսի մարդիկ շատ քիչ կգտնվեն։

— Սիրում եմ տեր աստծուն,— ասաց աստվածավախ ֆելդկուրատը, սկսելով զկռտալ,— շա՜տ եմ սիրում… Մի քիչ գինի տվեք ինձ։ Ես տեր աստծուն հարգում եմ,— շարունակեց նա։— Շա՜տ, շատ եմ հարգում ու մեծարում։ Ոչ ոքի այնպես չեմ հարգում, ինչպես նրան։

Նա բռունցքն այնպես խփեց սեղանին, որ շշերը վեր-վեր թռան։

— Աստված վսեմ, երկնային էակ է, իր բոլոր արարմունքների մեջ կատարյալ, արևանման էակ, և ոչ ոք չի կարող ինձ հակառակը համոզել։ Սուրբ Հովսեփին էլ եմ հարգում, հարգում եմ բոլոր սրբերին, նույնիսկ սուրբ Սրապիոնին… Ի՜նչ գարշելի անուն ունի։

— Այո՛, վատ չէր լինի, որ նա հոգ տաներ իր անունը փոխելու մասին,— վբա բերեց Շվեյկը։

— Սիրում եմ սուրբ Լյուդմիլային և սուրբ Բերնարդին,― շարունակեց նախկին կրոնուսույցը։— Սուրբ Բերնարդը Սեն-Գոտարգում շատ ուղևորներ է փրկել։ Նրա վզից մի շիշ կոնյակ է կախված, և նա որոնում է ձյան տակ մնացածներին…

Զրույցն այլ ընթացք էր ստանում։ Աստվածավախ ֆելդկուրատն սկսել էր դատարկ-մատարկ դուրս տալ։

— Մանուկներին հարգում եմ, նրանց տոնը դեկտեմբերի քսանութին է։ Դևին ատում եմ… Երբ հավը քնած է, անհնար է թարմ ձու ճարել։

Նա ծիծաղեց ու սկսեց երգել․

Ո՜վ սուրբ աստված, սուրբ անսասան…

Բայց հանկարծ երգն ընդհատեց և, դիմելով Կացին, կտրուկ հարցրեց.

— Դուք չե՞ք հավատում, որ օգոստոսի տասնհինգին վերափոխման տոնն է։

Քեֆը միանգամայն թեժացել էր։ Հայտնվում էին նորանոր շշեր և մերթ ընդ հերթ լսվում էր Կացի այս խոսքը.

— Ասա՛ աստծուն չես հավատում, թե չէ բաժակդ չեմ լցնի։

Թվում էր, թե վերադառնում են առաջին քրիստոնյաներին հալածելու ժամանակները։ Նախկին կրոնուսույցը երգում էր Հռոմի արենայի նահատակների երգը և բարբառում.