Выбрать главу

Շվեյկն եղավ մի քանի դեղախանութներում, բայց հենց որ նա ասում էր, թե. «Բարի եղեք մի շիշ եպիսկոպոսի օրհնած ձիթայուղ տալ», ամենուրեք կամ ափաշկարա փռթկացնում էին կամ վախեցած թաքնվում վաճառասեղանների հետևում։ Այդ միջոցին Շվեյկը ջանում էր լուրջ երևալ։

Վերջապես, նա որոշեց բախտը փորձել դեղատներում։ Առաջին դեղատանը լաբորանտին պատվիրեցին նրան դուրս վռնդել, երկրորդում ցանկացան հեռախոսով շտապ օգնության կառեթ կանչել, իսկ երրորդում դեղագործը նրան ասաց, թե Դլոուգայա փողոցի Պոլակ ֆիրման, որ յուղեր ու լաքեր է վաճառում, անպայման իր պահեստում նրա ուզաձ ձիթայուղը կունենա։

Դլոուգայա փողոցի Պոլակ ֆիրման ճարպիկ առևտուր անող էր։ Ոչ մի գնորդ այնտեղից չէր հեռացել առանց բավարարված լինելու։ Եթե գնորդը կոպայական բալզամ էր խնդրում, նրա շիշը սկիպիդար էին լցնում, և այդ օյինն անց էր կենում։

Երբ Շվեյկը տասը կրոնի եպիսկոպոսի օրհնած ձիթայուղ խնդրեց, ֆիրմայի տերը գործակատարին ասաց․

— Պան Տաուհեն, նրա շիշը հարյուր գրամ № 3 կանեփի ձեթ լցրեք։

Իսկ գործակատարը, շիշը թղթի մեջ փաթաթելով, Շվեյկին ասաց, ինչպես կպատշաճեր ասել գործակատարին.

— Բարձրորակ ապրանք է։ Եթե պատահի, որ վրձինի, լաքի, օլիֆի կարիք ունենաք, բարեհաճեցեք դիմել մեզ։ Գոհ կմնաք։ Սա սոլիդ ֆիրմա է։

Այդ միջոցին ֆելդկուրատը տանը կատեխիզիսով սերտում էր այն, ինչ սեմինարիայում միտը չէր պահել։

Նրան շատ դուր եկան մի քանի չափազանց սրամիտ արտահայտություններ, որոնց վրա սրտանց ծիծաղեց.

«Վերջին օծումը այլ կերպ կոչվում է վերջնօծում։ «Վերջին օծում» անվանումը ծագում է այն բանից, որ հիշյալը սովորաբար հանդիսանում է վերջինը այն բոլոր օծումներից, որ եկեղեցին կատարում է մարդու վրաս»։

«Վերջին օծում կարող է ընդունել վտանգավոր կերպով հիվանդացած ամեն մի կաթոլիկ քրիստոնյա, որ հասել է գիտակցական տարիքի»։

«Հիվանդը վերջին օծում ընդունում է, երբ ըստ հնարավորին դեռևս ուշքը վրան է»։

Եկավ բամբերը և ֆելդկուրատին մի ծրար բերեց, որով նրան ծանուցում էին, թե վաղը հոսպիտալում վերջին օծմանը ներկա է լինելու «Շարքային զինվորների կրոնական դաստիարակության համար գործող ազնվականուհիների միությունը»։ Այդ միությունը կազմված էր հիստերիկ կանանցից, որոնք հոսպիտալներում զինվորներին բաժանում էին փոքրիկ սրբապատկերներ և «Ասք թագավոր կայսեր համար մեռնող կաթոլիկ զինվորի մասին» բրոշյուրը։ Բրոշյուրի վրա մի գունավոր նկար կար, որը ներկայացնում էր ռազմի դաշտ։ Ամենուրեք ընկած էին մարդկանց ու ձիերի դիակներ, շուռ եկած հանդերձակիր սայլեր, թնդանոթներ՝ դեպի վեր ցցված լաֆետներով։ Հորիզոնում այրվում էր մի գյուղ և շրապնել էր պայթում։ Առջևի պլանում պառկած էր ոտքը կտրված, մեռնող մի զինվոր. նրա վրա խոնարհվել էր հրեշտակը, որը նրան պսակ էր բերել, որի ժապավենի վրա գրված էր․ «Այժմ դու ինձ հետ կլինես դրախտում»։ Ընդ որում մեռնողն երանաբար ժպտում էր, կարծես նրան պաղպաղակ էին մատուցում։

Կարդալով գրությունը, Օտտո Կացը թքեց ու մտածեց. «Համա՜ թե օր է լինելու վաղը»։

Ֆելդկուրատն այդ «խաժամուժին», ինչպես նա անվանում էր հիշյալ Միությունը, ծանոթ էր դեռևս սուրբ Իգնատիոս եկեղեցուց, որտեղ մի ժամանակ զինվորների համար քարոզ էր կարդում։ Այն օրերին նա քարոզի հետ դեռևս մեծ հույսեր էր կապում, իսկ այդ Միությունը սովորաբար նստում էր գնդապետի հետևում։ Մի անգամ քարոզից հետո երկու սևազգեստ լոլոզ ու նիհար կանայք, ձեռքներին տերողորմյաներ, կպան նրա օձիքից և ամբողջ երկու ժամ շաղակրատեցին զինվորների կրոնական դաստիարակության մասին, մինչև որ վերջապես նրան համբերությունից հանեցին ու նա ասաց. «Կներեք, mesdames[41], կապիտանն ինձ սպասում է մի պարտիա «ինը» խաղալու»։

— Ուրեմն, ձիթայուղ ունենք,― ասաց Շվեյկն՝ հանդիսավորապես, վերադառնալով Պոլակի խանութից,— կանեփի ձեթ № 3։ Մի ամբողջ գումարտակի հերիք կանի։ Սոլիդ ֆիրմա է։ Վաճառում է նաև օլիֆ, լաքեր ու վրձիններ։ Բայց մեզ մի զանգակ էլ է հարկավոր։

— Իսկ զանգակն ինչի՞ համար է։

— Ճանապարհին զանգահարելու համար։ Որպեսզի մարդիկ գլխարկները հանեն, երբ մենք կառքով անցնենք աստծո և կանեփի № 3 ձեթի հետ։ Կարգն այդպես է։ Շատ դեպքեր են պատահել, երբ ձերբակալել են այն անձանց, որ դրա վրա ոչ մի ուշադրություն չեն դարձրել և գլխարկները չեն հանել։ Մի անգամ Ժիժկովում ֆարարը ծեծեց մի կույր մարդու, որ նույնպես գլխարկը չէր հանել։ Այդ կույրին, բացի դրանից, դեռ բանտ էլ նստեցրին, որովհետև դատարանում ապացուցվեց, որ նա խուլ ու համր չէ, այլ միայն կույր, և, ուրեմն, զանգակի ձայնը լսել է և ուրիշներին գայթակղության մեջ գցել, թեև դեպքը տեղի էր ունեցել գիշեր ժամանակ։ Պահանջվում է այդ ամենը ճշտիվ կատարել, ինչպես և աստծո մարմնի տոնի օրը։ Ուրիշ ժամանակ մարդիկ մեզ վրա իսկի ուշադրություն չէին դարձնի, իսկ հիմա մեր առաջ գլուխ կխոնարհեն։ Եթե դուք, պարոն ֆելդկուրատ, ոչ մի առարկություն չունեք, ես զանգակը ձեռաց կճարեմ։

Թույլտվություն ստանալուց կես ժամ անց Շվեյկը զանգակը բերեց։

— Պոկեցի «Կրիժիժկով» իջևանատան դարպասի վրայից,— ասաց նա։— Այս զանգակն ինձ վրա նստեց հինգ րոպեի վախ, բացի դրանից, ստիպված եղա շատ սպասել, քանի որ շարունակ մարդիկ էին գնում-գալիս։