Լինում են, ի դեպ, և այնպիսի դեպքեր, երբ սպասյակը բարձրանում-հասնում է իր սպայի սիրեցյալի աստիճանին ու պատուհաս դառնում վաշտի և նույնիսկ գումարտակի համար։ Բոլոր ենթասպաներն աշխատում են նրան սիրաշահել։ Նրանից է կախված արձակուրդ ստանալը։ Նա կարող է միջնորդել, որ զեկույցի ժամանակ ամեն ինչ լավ վերջանա։
Պատերազմի ժամանակ այդ սիրեցյալներն հաճախ պարգևատրվում էին քաջության և խիզախության համար տրվող արծաթե մեծ ու փոքր մեդալներով։
Իննսունմեկերորդ գնդում ես ճանաչում էի մի քանի այդպիսի սիրեցյալների։ Մի սպասյակ արծաթե մեծ մեդալ ստացավ նրա համար, որ կարողանում էր հիանալի տապակել իր գողացած սագերը։ Մի ուրիշը արծաթե փոքր մեդալով պարգևատրվեց այն բանի համար, որ տնից սքանչելի մթերածանրոցներ էր ստանում, և նրա պետը ամենասաստիկ սովի օրերին այնպես էր լափում, որ քայլել չէր կարողանում։
Զեկույց հղելով իր սպասյակին պարգևատրման ներկայացնելու մասին, այդ պետն այսպիսի լեզու էր բանացրել.
«Ներկայացվում է պարգևատրման այն բանի համար, որ մարտերում ցուցաբերել է արտակարգ արիություն ու խիզախություն, վտանգի է ենթարկել կյանքը և հարձակվող հակառակորդի ուժեղ կրակի տակ ոչ մի քայլ չի հեռացել իր հրամանատարից»։
Իսկ հիշյալ սպասյակն այդ ժամանակ թիկունքում մաքրազարդում էր հավաբները։
Պատերազմը փոխեց սպայի և սպասյակի հարաբերությունները, և սպասյակը զինվորների մեջ ամենաատելի մարդը դարձավ։ Սպասյակը մի ամբողջ տուփ պահածո էր ունենում, մինչդեռ զորամասում մի տուփը տրվում էր հինգ հոգու։ Նրա տափաշիշը միշտ լի էր ռոմով կամ կոնյակով։ Այդ փուչ արարածն օրն ի բուն շոկոլադ էր ծամում, լափում սպայական քաղցր սուխարիները, ծխում իր պետի սիգարետները, ժամերով եփում ու տապակում, հագնում հատկապես իր չափսով կարված գիմնաստյորկա։
Սպասյակը շատ մտերմական հարաբերություններ ուներ հանձնակատարի հետ, իր սեղանից նրան առատորեն բաժին էր հանում կերակրի մնացորդները և թույլ էր տալիս օգտվել իր արտոնություններից։ Այդ եռապետությանը սովորաբար միանում էր և ավագ գրագիրը։ Այդ եռյակը անմիջականորեն հրամանատարին մոտիկ ապրելով, տեղեկություն ուներ բոլոր օպերացիաների և ստրատեգիական պլանների մասին։
Այն ջոկը, որի պետը մտերիմ էր վաշտի հրամանատարի սպասյակի հետ, ամենից շատ էր քաջագիտակ։ Եթե սպասյակն ասում էր. «ժամը երկուսն անց երեսունհինգ րոպեին պետք է ճղենք», ապա, իսկապես, ճիշտ ժամը երկուսն անց երեսունհինգ րոպեին ավստրիական զինվորներն սկսում էին նահանջել։
Սպասյակը շատ մտերմական հարաբերություններ ուներ նաև դաշտային խոհանոցի հետ և բավականությամբ թրև էր գալիս կաթսայի մոտ, ըստ այսմ իր համար պատվիրում զանազան, կերակուրներ, կարծես նստած լիներ ռեստորանում՝ մենյուն ձեռքին։
— Ես կրծքի միս եմ սիրում,— ասում էր նա խոհարարին,— իսկ դու երեկ ինձ պոչ տվիր։ Իմ բաժին սուպի մեջ մի կտոր լյարդ գցիր, դու հո գիտես, որ ես փայծաղ չեմ ուտում։
Սպասյակի խուճապ բարձրացնելու մեծ վարպետ էր։ Խրամատները ռմբակոծելու ժամանակ նրա սիրտը մարում էր։ Այդպիսի դեպքերում նա իր և սպայի բագաժով գտնվում էր ամենաապահով բլինդաժում և գլուխը խոթում վերմակի տակ, որպեսզի հրետանային արկն իրեն չգտներ։ Այդ րոպեներին նա միայն այն էր ցանկանում, որ իր հրամանատարը վիրավորվի և ինքը նրա հետ միասին ընկնի որքան կարելի է խոր թիկունք։
Իր «գաղտնիքներով» նա բորբոքում էր խուճապը։ «Կարծեմ հեռախոսը հավաքում են»,— գաղտնաբար հայտնում էր նա ջոկերին և իրեն երջանիկ զգում, եթե հետո կարողանում էր ասել. «Արդեն հավաքեցին»։
Ոչ ոք այնպիսի բավականությամբ չէր նահանջում, ինչպես նա։ Այդ րոպեներին նա մոռանում էր, որ գլխին արկեր ու շրապնելներ են սուլում։ Հոգնածություն չզգալով, բագաժն առած դուրս էր պրծնում ու իրեն գցում շտաբ, որտեղ կանգնած էր լինում գումակը։ Մեծ համակրանք էր տածում նա ավստրիական գումակի նկատմամբ և մեծ հաճույքով գնում նրա հետ։ Ծայրահեղ դեպքում բավականանում էր և սանիտարական երկանիվ սայլակով։ Իսկ եթե ստիպված էր լինում ոտքով գնալ, բոլորովին կորած մարդու տպավորություն էր թողնում։ Այդպիսի դեպքերում նա իր սպայի բագաժը դեն էր գցում, թողնում խրամատներում և քարշ տալիս միայն իր սեփական գույքը։
Եթե պատահում էր, որ սպան փախուստ տալով փրկվում էր գերի ընկնելուց, իսկ սպասյակը գերի էր ընկնում, ապա վերջինս երբեք չէր մոռանում իր հետ տանել նաև սպայի իրերը, որոնք այնուհետև դառնում էին նրա սեփականությունը և որոնք նա պահպանում էր աչքի լույսի պես։