Ես ճանաչում էի մի գերի սպասյակի, որն ուրիշների հետ միասին Դուբնոյից հասել էր մինչև Դարնիցա՝ Կիևի մոտ։ Իր, ինչպես, և գերությունից խուսափած իր սպայի երթային պայուսակներից բացի, նա ուներ նաև հինգ զանազան ձեռնաճամպրուկներ, երկու վերմակ և բարձ, էլ չասած այն կապոցը, որ կրում էր գլխի վրա։ Նա ինձ գանգատվում էր, թե կազակները նրանից խլել են երկու ճամպրուկ։
Ես չեմ կարող մոռանալ այդ մարդուն, որն իր բագաժն առած քարշ էր գալիս Ուկրաինայի մի ծայրից մյուսը։ Նա մի կենդանի առաքչական բեռնասայլ էր։ Ես մինչև հիմա էլ ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե նա ինչպես կարողացավ այդ ամենը կրել, իր վրա առած քարշ տալ մի քանի հարյուր կիլոմետր, հետո այդ բեռով հասնել մինչև իսկ Տաշքենդ, աչալուրջ պահպանել յուրաքանչյուր իր և ռազմագերիների ճամբարում… բծավոր տիֆից մեռնել իր իսկ ճամպրուկների վրա։
Ներկայումս սպասյակները ցրված են մեր ողջ հանրապետության մեջ և պատմում են իրենց հերոսական սխրանքների մասին։ Թե իբր գրոհով նվաճել են Սոկալը, Դուբնոն, Նիշը, Պիավան։ Նրանցից յուրաքանչյուրը մի Նապոլեոն է։ «Եվ ահա ես մեր գնդապետին ասացի, թե թող զանգահարի շտաբ ու ասի, որ կարելի է սկսել»,— պատմում են նրանք։
Սպասյակները մեծավ մասամբ ռեակցիոներներ էին, և զինվորներն ատում էին նրանց։ Սպասյակներից ոմանք մատնիչներ էին և մեծ բավականությամբ էին դիտում, թե ինչպես են ձերբակալում իրենց մատնած զինվորին։
Նրանցից մի հատուկ դաս էր գոյացել։ Նրանց եսասիրությունը չափ ու սահման չուներ։
III
Պորուչիկ Լուկաշը ավստրիական խիստ խարխլված միապետության տիպիկ կադրային սպա էր։ Կադետական կորպուսը նրան քամելեոն էր դարձրել․ մարդկանց մեջ նա խոսում էր գերմաներեն, գրում գերմաներեն, բայց չեխերեն գրքեր կարդում, իսկ երբ դասավանդում էր հոժարականների դպրոցում, որը կազմված էր բացառապես չեխերից, նրանց գաղտնաբար ասում էր. «Եկեք չեխ մնաք, բայց այդ մասին ոչ ոք չպիտի իմանա։ Ես էլ եմ չեխ»։
Նա չեխ ժողովրդին համարում էր մի տեսակ գաղտնի կազմակերպություն, որից հեռու մնալն ավելի լավ է։
Բայց ընդհանրապես նա լավ մարդ էր․ մեծավորներից չէր վախենում և զորաշարժերի ժամանակ ինչպես հարկն է հոգ էր տանում իր վաշտի մասին, հարմարորեն բնակավորում սարայներում և հաճախ իր համեստ ռոճիկով զինվորներին մի տակառ գարեջուր հրամցնում։
Լակաշը սիրում էր, որ զինվորները երթի ժամանակ երգում էին։ Նրանք պետք է երգեին վարժության գնալիս և վարժությունից վերադառնալիս։ Քայլելով իր վաշտի կողքից, նա ձայնակցում էր նրանց.
Իսկ երբ մթնեց աշխարհքը,
Պարկից թափվեց վարսակը։
Տումտարիա բո՛ւմ։
Նա վայելում էր զինվորների համակրանքը, քանի որ շատ արդարամիտ մարդ էր և մանրախնդրություն անելու սովորություն չուներ։
Ենթասպաները նրանից դողում էին։ Ամենավայրագ ֆելդֆեբելին նա մի ամսվա մեջ գառ էր դարձնում։
Գոռալ իմանում էր, սակայն երբեք չէր հայհոյում։ Խոսելիս հարմար բառեր ու արտահայտություններ էր ընտրում.
— Գիտեք ինչ, հոգյա՛կս, ճիշտն ասած, ես չէի ցանկանա ձեզ պատմել, բայց ոչինչ չեմ կարող անել, որովհետև բանակի մարտունակությունը կարգապահությունից է կախված։ Առանց կարգապահոլթյան բանակը «քամուց տարուբեր եղեգն է մի»։ Եթե ձեր մունդիրը կարգին վիճակումն է, իսկ կոճակները վատ են կարված կամ պակաս են, դա նշանակում է, որ դուք մոռանում եք ձեր պարտականությունները բանակի նկատմամբ։ Գուցե ձեզ անհասկանալի է, թե ինչու են ձեզ նստեցնում այն բանի համար, որ երեկ ստուգատեսի ժամանակ ձեր գիմնաստյորկայի կոճակները պակաս էին, այնպիսի չնչին, այնպիսի դատարկ բանի համար, որի վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնի, եթե դուք զինվորական ծառայության մեջ չլինեիք։ Սակայն զինվորական ծառայության մեջ ձեր արտաքինի նկատմամբ ցուցաբերված այդպիսի անփութությունը ենթակա է տույժի։ Իսկ ինչո՞ւ։ Բանն այն չէ, որ ձեր կոճակները պակաս են, այլ որ անհրաժեշտ է ձեզ կարգապահության սովորեցնել։ Այսօր չեք կարի կոճակը, վաղը կսկսեք լոդրություն անել։ Վաղն արդեն ձեզ դժվար կթվա քանդել ու մաքրել հրացանը, մյուս օրը մի որևէ պանդոկում կմոռանաք ձեր սվինը և, ի վերջո, կքնեք պահակետում, և այդ ամենը այն պատճառով, որ այն չարաբաստիկ կոճակից հետո սկսել եք լոդրի կյանք վարել։ Հապա, հոգյա՛կս։ Ես ձեզ պատժում եմ, որպեսզի զերծ պահեմ այն զանցանքների համար տրվելիք ավելի ծանր պատժից, որ դուք կարող եք կատարել ապագայում, դանդաղորեն, սակայն վերջնականապես մոռացած լինելով ձեր պարտականությունները։ Ես ձեզ նստեցնում եմ հինգ օրով և անկեղծորեն ցանկանում, որ, ապրելով միայն ցամաք հացով ու ջրով, խորհեք այն մասին, որ պատիժը վրիժառություն չէ, այլ դաստիարակության միջոց, որը հետապնդում է որոշակի նպատակի ուղղել պատժվող զինվորին։
Լուկաշն արդեն վաղուց պետք է կապիտան դարձած լիներ, սակայն նրան չէր օգնել նույնիսկ ազգային հարցում ցուցաբերած զգուշավորությունը, որովհետև նա մեծավորների նկատմամբ չափից ավելի ուղղամիտ էր և ոչ ոքի չէր շողոքորթում։
Նա ծնվել էր հարավային Չեխիայի մթին անտառների ու լճերի ծոցում գտնվող մի գյուղում և պահպանել այդ վայրում ապրող գյուղացիների բնավորության գծերը։