Выбрать главу

Բայց եթե զինվորների վերաբերմամբ Լուկաշն արդարամիտ էր և նրանց չէր նեղում, ապա սպասյակների նկատմամբ բոլորովին այլ վերաբերմունք ուներ։ Նա իր սպասյակներին ատում էր, որովհետև միշտ էլ շատ անպիտան ու ստոր սպասյակներ էր ունեցել։ Նա այդ սպասյակներին զինվորներ չէր համարում, խփում էր նրանց քիթ ու մռութներին ու վզակոթներին, ջանում դաստիարակել խոսքով ու գործով։ Շատ տարիներ նա ապարդյուն պայքարում էր իր սպասյակների դեմ, շարունակ փոխում նրանց և միշտ հանգում այն եզրակացության, թե․ «Դարձյալ ինձ անասուն ռաստ եկավ»։ Իր սպասյակներին նա համարում էր ստոր կարգի արարածներ։

Լուկաշը կենդանիներ շատ էր սիրում։ Նա ուներ Հարցի դեղձանիկ, անգորական կատու և պինչեր։ Սպասյակները, որոնց նա հաճախակի փոխում էր, այդ կենդանիների հետ վարվում էին ոչ ավելի լավ, քան պորուչիկը՝ իրենց հետ, երբ նրանք որևէ ստորություն էին արած լինում։

Նրանք դեղձանիկին սովատանջ էին անում, իսկ սպասյակներից մեկը տվել-հանել էր անգորական կատվի մի աչքը, պինչերին մտրակով ծեծում էին հենց որ ձեռքներն էր ընկնում, և, վերջապես, Շվեյկի նախորդներից մեկը խեղճ շանը տարել էր Պանկրաց, անասուն մաշկողի մոտ, որպեսզի նրան այնտեղ ոչնչացնեին, չզլանալով դրա համար իր գրպանից ծախսել քսան կրոն։ Իսկ պորուչիկին նա զեկուցել էր, թե շունն իր ձեռքից փախել է զբոսանքի ժամանակ։ Հաջորդ օրն արդեն այդ սպասյակը վաշտի հետ երթաքայլում էր վարժադաշտում։

Երբ Շվեյկը ներկայացավ Լուկաշին և հայտարարեց, թե այդ իսկ րոպեից անցնում է իր պարտականությունների կատարմանը, պորուչիկը նրան տարավ իր սենյակն ու ասաց.

— Ձեզ հանձնարարել է ինձ պարոն ֆելդկուրատ Կացը։ Հուսով եմ, որ դուք նրա հանձնարարությունը չեք վարկաբեկի։ Ես արդեն մի դյուժին սպասյակ եմ ունեցել, և նրանցից ոչ մեկը երկար չի դիմացել։ Նախազգուշացնում եմ, որ ես խիստ մարդ եմ և անխնա պատժում եմ ամեն մի ստորության և կեղծիքի համար։ Ես պահանջում եմ, որ դուք միշտ ճիշտ խոսեք և առանց առարկության կատարեք իմ բոլոր հրամանները։ Եթե ասեմ. «Կրակն ընկեք», պետք է ընկնեք, եթե նույնիսկ չցանկանայիք այդպիսի բան անել։ Այդ ո՞ւր եք նայում։

Շվեյկն հետաքրքրությամբ նայում էր այն պատի կողմը, որից կախված էր դեղձանիկի վանդակը։ Լսելով պորուչիկի հարցը, նա իր բարի աչքերը հառեց նրա վրա և պատասխանեց անուշիկ, բարեհամբույր տոնով.

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր֊լեյտենանտ, դա Հարցի դեղձանիկ է։

Այդկերպ ընդհատելով պորուչիկի ճառը, Շվեյկը կանգնեց երեսադեմ և, աչքը չճպելով, հայացքը հառեց պորուչիկի դեմքին։

Պորուչիկն ուզում էր մի խիստ բան ասել, սակայն տեսնելով նրա դեմքի անմեղ արտահայտությունը՝ ասաց միայն․

— Պարոն ֆելդկուրատը ձեզ հանձնարարեց որպես հազվագյուտ ապուշի։ Կարծում եմ, չի սխալվել։

— Համարձակվում եմ զեկուցել, որ պարոն ֆելդկուրատն իսկապես չի սխալվել։ Երբ ես իսկական զինվորական ծառայության մեջ էի, ինձ այդ ծառայությունից ազատեցին ապուշության, հանրաճանաչ ապուշության համար։ Այդ բանի համար մեր գնդից ազատեցին երկու հոգու, ինձ և մեկ էլ մի ուրիշի՝ կապիտան ֆոն Կաունիցին։ Նա, պարոն պորուչիկ, փողոցով անցնելիս, կներեք արտահայտությանս, ձախ ձեռքի մատով քչփորում էր ձախ քթածակը, իսկ աջ ձեռքի մատով՝ աջը։ Վարժությունների ժամանակ նա ամեն անգամ մեզ շարք էր կանգնեցնում, ինչպես հանդիսավոր երթի համար, և ասում․ «Զինվորնե՛ր… է՜է՜․․․ նկատի ունեցեք… է՜-է՜… որ այսօր չորեքշաբթի է… է՜-է՛․․․ որովհետև վաղը կլինի հինգշաբթի… է՜-է՜…»։

Պորուչիկ Լուկաշը ասելու բան չգտնելով՝ ուսերը թոթվեց և սկսեց գնալ ու գալ Շվեյկի մոտով, դռնից դեպի լուսամուտը և լուսամուտից դեպի դուռը։ Այդ միջոցին Շվեյկը կատարում էր «աջ հավասարում» և «ձախ հավասարում», նայած թե պորուչիկը նրա որ կողում էր գտնվում,— և դա անում էր այնպիսի անմեղ տեսքով, որ պորուչիկը, աչքերը ցած խոնարհեց և, գորգին նայելով, ասաց մի բան, որ ոչ մի առնչություն չուներ տխմար կապիտանի վերաբերմամբ Շվեյկի արած դիտողությունների հետ։

— Այո՛։ Իմ տանը ամեն ինչ կարգին ու մաքուր լինի և չհամարձակվեք ստել։ Ես անազնվություն չեմ սիրում։ Ատում եմ սուտ ասելը և դրա համար անխնա կպատժեմ։ Հասկացա՞ք։

— Ճիշտ այդպես, պարոն օբեր֊լեյտենանտ, հասկացա։ Սուտ ասելուց վատ բան չկա։ Հենց որ մարդ սկսում է փչել, նրան կորած համարեք։ Պելգբժիմովի մոտի գյուղում Մարեկ ազգանունով մի ուսուցիչ կար։ Այս ուսուցիչը քարշ էր գալիս անտառապահ Շպերայի աղջկա հետևից։ Անտառապահը պատվիրել էր նրան ասել, որ եթե նա իր աղջկա հետ անտառում տեսակցություն ունենա, ապա ինքը, անտառապահը, հենց որ, ուրեմն, նրանց բռնի, հրացանով նրա հետույքը չկտրտած խոզաստևի ու աղի մի լիցք կմխի։ Իսկ ուսուցիչը պատվիրել էր անտառապահին ասել, թե այդ ամենը սուտ-մուտ բաներ են։ Սակայն ահա մի անգամ, երբ նա սպասում էր իր օրիորդին, անտառապահը բռնում է նրան և այն է ուզում է ասածն անել, բայց ուսուցիչն սկսում է արդարանալ, թե իբր ինքը ծաղիկներ էր հավաքում։ Մի ուրիշ անգամ ուսուցիչն անտառապահին ասում է, թե կոլեկցիայի համար բզեզներ է որսում։ Ու այդպես քանի գնում, այնքան ավելի փչում։ Վերջապես, վախից երդվում է, թե ուզում էր նապաստակ բռնելու թակարդներ դնել։ Այն ժամանակ մեր անտառապահը նրան չանթում ու տանում է ժանդարմների մոտ, իսկ այնտեղից գործը գնում է դատարան, և քիչ մնաց, որ ուսուցիչը բանտ ընկներ։ Իսկ եթե ճիշտ խոսեր, ընդամենը մի բաժին խոզաստև ու աղ կստանար։ Ես այն կարծիքին եմ, որ ավելի լավ է անկեղծորեն խոստովանել, իսկ եթե մի բան արել ես՝ գալ ու ասել, թե, համարձակվում եմ զեկուցել, արել եմ այսինչ ու այսինչ բանը։ Իսկ գալով ազնվությանը, պետք է ասել, որ դա հիանալի բան է, ազնվության շնորհիվ մարդ շատ առաջ կգնա։ Դա նույնն է, ինչ որ վազքի մրցության ժամանակ հենց որ մարդ սկսում է խարդախություն անել, րոպեապես մրցավազքից դուրս է ընկնում։ Ա՛յ, օրինակ, իմ հորեղբոր տղան։ Ազնիվ մարդ է, ամեն տեղ հարգում են, ինքն իրենից գոհ է և իրեն նոր ծնվածի պես է զգում, երբ անկողին մտնելիս կարողանում է ասել. «Այսօր էլ ազնիվ եղա»։