Выбрать главу

Շվեյկը կամացուկ դուրս եկավ սենյակից, տարաբախտ կատվին հանեց դիվանի տակից ու ասաց նրան.

— Երեք օրով կալա՛նք։

Եվ անգորական կատուն նորից մտավ դիվանի տակ։

IV

Հենց նոր էր Շվեյկը պատրաստվում գնալ որևէ պինչեր գտնելու, երբ մի ջահել դամա զանգն հնչեցրեց ու ասաց, թե ուզում է պորուչիկ Լուկաշի հետ խոսել։ Դամայի կողքին երկու խոշոր ճամպրուկներ կային, և Շվեյկը միջոց ունեցավ նկատելու սանդուղքից ցած իջնող բեռնակրի գլխարկը։

— Տանը չէ,— վճռաբար ասաց Շվեյկը,— բայց ջահել դաման արդեն գտնվում էր նախասենյակում և անառարկելի տոնով Շվեյկին հրամայեց.

— Ճամպրուկները տարեք սենյակ։

— Առանց պարոն պորուչիկի թույլտվության չի կարելի,— ասաց Շվեյկը։— Պարոն պորուչիկն ինձ հրամայել է առանց իր գիտության ոչինչ չանել։

— Խելագարվե՞լ եք,— ծղրտաց ջահել դաման։— Ես պարոն պորուչիկի մոտ հյուր եմ եկել։

— Այդ մասին ինձ ոչինչ հայտնի չէ,— պատասխանեց Շվեյկը։— Պարոն պորուչիկը գտնվում է պաշտոնավայրում և կվերադառնա միայն գիշերը, իսկ ես պինչեր գտնելու հրաման եմ ստացել։ Ոչ մի ճամպրուկի և ոչ մի դամայի մասին ոչինչ չգիտեմ։ Ես պետք է կողպեմ բնակարանի դուռը և ձեզ խոնարհաբար կխնդրեի հեռանալ։ Ինձ այդ մասին ոչ մի կարգադրություն չեն արել, և ես չեմ կարող մի օտար, ինձ անծանոթ անձնավորության մենակ թողնել բնակարանում։ Մեր փողոցում հրուշակագործ Բելչիցկու տանն էլ ահա այսպես մի կողմնակի մարդ էին թողել, իսկ նա մաքրազարդել էր զգեստապահարանն ու ծլկել… Իհարկե, ես դրանով չեմ ուզում ձեր մասին որևէ վատ բան ասել,— շարունակեց Շվեյկը, նկատելով, որ դաման հուսահատված լաց է լինում,— բայց բնավ չի կարելի, որ դուք մնաք այստեղ։ Ինքներդ դատեցեք, քանի որ բնակարանն ինձ է վստահված, ամեն մի մանրուքի համար ես եմ պատասխանատու։ Ուստի մի անգամ ևս խոնարհաբար խնդրում եմ իզուր տեղը ձեզ դժվարին կացության մեջ չդնել։ Առանց պարոն պորուչիկի հրամանի ինձ համար հարազատ եղբայրս անգամ գոյություն չունի։ Ճիշտ է, շատ ցավում եմ, որ ստիպված եմ ձեզ հետ այդպես խոսել, բայց զինվորական ծառայության մեջ նախ և առաջ պետք է կարգ ու կանոն լինի։

Այդ միջոցին ջահել դաման փոքր-ինչ ուշքի եկավ, պայուսակից հանեց իր այցետոմսը, մատիտով մի քանի տող գրեց, դրեց մի սքանչելի ծրարիկի մեջ և վհատորեն ասաց.

— Սա տարեք պարոն պորուչիկին, իսկ ես այստեղ կսպասեմ պատասխանի։ Ահա ձեզ հինգ կրոն ճանապարհի փող։

— Բան դուրս չի գա,— պատասխանեց Շվեյկը, վրդովված անսպասելի հյուրի պնդերեսությունից։— Ձեր հինգ կրոնը ձեզ լինի, ահա դրված է այն աթոռի վրա, իսկ եթե կուզեք՝ միասին գնանք զորանոց, այնտեղ դուք ինձ կսպասեք, ես ձեր նամակը կտանեմ ու կհանձնեմ և պատասխանը կբերեմ։ Իսկ ձեզ բնավ չի կարելի այստեղ մնալ ու սպասել։

Այդ ասելուց հետո նա ճամպրուկները քարշ տվեց նախասենյակ և, պալատական բանալեպահի պես բանալիները զնգզնգացնելով, դռան առաջ կանգնած, ասաց բազմանշանակալից.

— Կողպում ենք․․․

Ջահել դաման անօգնական մարդու տեսքով դուրս եկավ սանդղահարթակ։ Շվեյկը դուռը կողպեց ու առաջ ընկավ։ Դաման մանրիկ քայլերով շնիկի պես վազում էր Շվեյկի հետևից և նրան հասավ միայն այն ժամանակ, երբ սիգարետ գնելու համար նա մտավ մի կրպակ: Հիմա դաման քայլում էր նրա կողքից և ջանում խոսակցություն բանալ.

— Իսկ դուք անպայման կհանձնե՞ք։

— Որ ասել եմ, ուրեմն կհանձնեմ։

— Իսկ պարոն պորուչիկին կգտնե՞ք։

— Չգիտեմ:

Նրանք անխոս քայլում էին կողք-կողքի, մինչև որ, վերջապես, Շվեյկի ուղեկցուհին նորից սկսեց խոսել.

― Ուրեմն, կարծում եք, պարոն պորուչիկին չե՞ք գտնի։

— Ոչ, չեմ կարծում։

— Իսկ ի՞նչ եք կարծում, նա որտե՞ղ կարող է լինել։

— Չգիտեմ։

Դրանով խոսակցությունը երկար ժամանակ ընդհատվեց, մինչև որ ջահել դաման այն վերսկսեց հետևյալ հարցով.

— Նամակն հո չե՞ք կորցրել։

— Առայժմ ոչ։

— Ուրեմն, անպայման կհանձնե՞ք պարոն պորուչիկին։

— Այո։

— Իսկ պորուչիկին կգտնե՞ք։

— Արդեն ասացի, որ չգիտեմ,— պատասխանեց Շվեյկը։— Զարմանում եմ, թե ինչպե՞ս մարդիկ կարող են այդքան հետաքրքրասեր լինել և շարունակ միևնույն բանը հարցնել։ Դա նույնն է, որ ես փողոցում կանգնեցնեի ամեն մի պատահած մարդու և հարցնեի, թե այսօր ամսի քանի՞սն է։

Դրանով էլ վերջացան Շվեյկի հետ լեզու գտնելու բոլոր փորձերը, և զորանոցի մնացած ճանապարհը նրանք անցան միանգամայն լուռ։ Միայն թե, երբ կանգ առան զորանոցի մոտ՝ Շվեյկը դամային առաջարկեց սպասել, իսկ ինքը դարպասի առաջ կանգնած զինվորների հետ սկսեց զրուցել պատերազմի մասին։ Այդ զրույցը պետք է որ արտակարգ բավականություն պատճառեր դամային, եթե դատելու լինեք ըստ այնմ, որ նա տառապյալի տեսքով գնում-գալիս էր մայթի վրա և ինքն իրեն ուտում, տեսնելով, թե ինչպես Շվեյկը շարունակում է շարադրել ռազմաճակատի գործերի վիճակը դեմքի այնպիսի տխմար արտահայտությամբ, որպիսին կարելի էր տեսնել թերևս միայն «Համաշխարհային պատերազմի խրոնիկա»-ի մեջ այն ժամանակ հրապարակված մի լուսանկարում, որի տակ գրված էր. «Ավստրիայի գահաժառանգը զրուցում է երկու օդաչուների հետ, որոնք ցած են գցել մի ռուսական սավառնակ»։