Շվեյկը նստեց դարպասի մոտ գտնվող նստարանի վրա և սկսեց պատմել, թե Կարպատյան ռազմաճակատում մեր զորքերի հարձակումը տապալվել է, սակայն, մյուս կողմից, Պրեմիշլի պարետ գեներալ Կուսմանեկը ժամանել է Կիև, ինչպես և այն, թե Սերբիայում մեր ձեռքին մնացել է տասնմեկ հենակետ, և սերբերը երկար չեն կարող մերոնց հետապնդել։
Այնուհետև Շվեյկն սկսեց քննադատել մի քանի նշանավոր ճակատամարտեր և հանկարծ Ամերիկա հայտնագործեց, ասելով, թե չորս կողմից շրջապատված զորամասը անպայման պետք է անձնատուր լինի։
Կուշտ խոսելուց հետո նա հարկ համարեց մոտենալ հուսահատված դամային և ասել, որ այս րոպեիս կվերադառնա, թող նա ոչ մի տեղ չգնա, իսկ ինքը գնաց վեր՝ գրասենյակ, որտեղ փնտրեց ու գտավ պորուչիկ Լուկաշին, որն այդ ժամանակ ոմն պոդպորուչիկի բացատրում էր խրամատների մի սխեմա և նրան կշտամբում, թե գծագրել չգիտե և երկրաչափությունից ոչ մի գաղափար չունի։
— Տեսնում եք, թե դա ինչպես պետք է անել։ Եթե տվյալ ուղիղ գծի վրա հարկավոր է ուղղահայաց իջեցնել, ապա մենք պետք է այնպիսի ուղիղ գիծ գծենք, որ առաջինի հետ անկյուն կկազմի։ Հասկանո՞ւմ եք։ Այդ դեպքում դուք խրամատները ճիշտ կանցկացննեք, նրանցով չեք մոտենա հակառակորդին, այլ վեցհարյուր մետր հեռու կգտնվեք։ Իսկ ըստ ձեր գծագրածի մենք մեր դիրքերով կմտնեինք հակառակորդի գծի խորքը և մեր խրամատներով հակառակորդի նկատմամբ գրաված կլինեինք ուղղահայաց դիրք։ Բայց չէ՞ որ ձեզ հարկավոր է բութ անկյուն։ Չէ՞ որ դա շատ պարզ բան է, այնպես չէ՞։
Պահեստի պոդպորուչիկը, որ խաղաղ ժամանակ ծառայել էր որպես բանկի գանձապահ, բոլորովին վհատված կանգնել էր գծագրերի առաջ ու ոչինչ չէր հասկանում։ Նա թեթևացած շունչ քաշեց, երբ Շվեյկը մոտեցավ պորուչիկին ու զեկուցեց.
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն պորուչիկ, ինչ-որ դամա խնդրում է այս նամակը հանձնել ձեզ և պատասխանի է սպասում։— Այդ ասելիս նա բազմանշանակալից ու ընտանեվարի աչքով արեց։
Այն, ինչ կարդաց պորուչիկը, նրա վրա բարենպաստ տպավորություն չգործեց.—
«Lieber Heinrich! Mein Mann verfolgt mich. Ich muss unbedingt bei Dir ein paar Tage gastieren. Dein Bursch ist efn grosses Mistvieh. Ich bin unglücklich.
Deine Katy»[44].
Պորուչիկ Լուկաշը հառաչեց, Շվեյկին տարավ հարևան դատարկ գրասենյակը, դուռը փակեց և սկսեց սեղանների միջև գնալ ու գալ։ Վերջապես նա կանգ առավ Շվեյկի առաջ։
— Այդ դաման գրում է, թե դուք անասուն եք։ Ի՞նչ եք արել նրան։
— Համարձակվում եմ զեկուցել, ես նրան ոչինչ չեմ արել, պարոն օբեր-լեյտենանտ։ Ես ինձ պահում էի ինչպես հարկն է, սակայն նա ուզում էր իսկույն տեղավորվել բնակարանում։ Բայց քանի որ ձեզնից ոչ մի հրաման չէի ստացել, չթողի, որ մնա այնտեղ։ Դա դեռ բավական չէ, հետը երկու ճամպրուկ էլ է բերել, կարծես իր տունն է եկել։
Պորուչիկը մի անգամ էլ բարձրաձայն հառաչեց։ Հառաչեց և Շվեյկը․
— Ի՞նչ,— սպառնալից գոռաց պորուչիկը։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ծա՛նր դեպք է։ Սրանից երկու տարի առաջ Վոյտեշսկա փողոցում ապրող մի պաստառագործի մոտ մի օրիորդ էր մուտք գործել, և պաստառագործը ոչ մի կերպ չէր կարողանում նրան դուրս անել։ Վերջ ի վերջո ստիպված եղավ լուսագազով թունավորել իրե՛ն էլ, նրա՛ն էլ, և բանն այդպես վերջացավ։ Մարդ կնկա հետ գործ չունենա՛։ Ես նրանց լա՜վ եմ ճանաչում։
— Ծա՛նր դեպք է,— կրկնեց պորուչիկը Շվեյկից հետո, և դեռ երբեք այդպիսի ճշմարտություն չէր բարբառել։
«Սիրելի Հայնրիխն» իրոք վատ վիճակի մեջ էր։ Իր ամուսնուց հետապնդվող կինը գալիս է նրա մոտ մի քանի օրով հյուրընկալվելու հենց այն ժամանակ, երբ Տրեշեբոնից պետք է գա պանի Միցեկովան, որպեսզի երեք օրվա մեջ նորից անի այն, ինչ կանոնավոր կերպով անում է երեք ամիսը մի անգամ, երբ գնումների համար գալիս է Պրագա։ Բացի դրանից, վաղը չէ մյուս օրը գալու է մի օրիորդ, որը մի ամբողջ շաբաթ մտածելուց հետո պորուչիկին հաստատ խոսք է տվել, թե նրան թույլ կտա իրեն տիրանալ, քանի որ, միևնույն է, մի ամսից հետո ամուսնանալու է մի ինժեների հետ։
Պորուչիկը գլուխը կախ նստել էր սեղանի վրա և անխոս միտք էր անում, սակայն չգտավ ոչ մի այլ ելք, քան վեր կենալ ու նստել սեղանի առաջ և պաշտոնական բլանկի վրա գրել հետևյալը․
«Սիրելի Կետի.
Մինչև իրիկվա ժամը 9-ը ես կլինեմ պաշտոնատեղում։ Կգամ 10-ին։ Խնդրում եմ տունս քոնը համարես։ Ինչ վերաբերվում է իմ սպասյակ Շվեյկին, ապա ես նրան արդեն հրամայել եմ, որ բոլոր ցանկություններդ կատարված լինեն։ Քո Ինդրժիխ»։
— Այս նամակը հանձնեցեք տիրուհուն,— ասաց պորուչիկը։— Ձեզ հրամայում եմ նրա հետ վարվել քաղաքավարի ու տակտով և կատարել իր բոլոր ցանկությունները, որոնք ձեզ համար պետք է օրենք լինեն։ Դուք նրա նկատմամբ պետք է գալանտ վերաբերմունք ունենաք և խղճի մտոք ծառայեք։ Ահա ձեզ հարյուր կրոն, որի համար հետո ինձ հաշիվ կտաք։ Անշուշտ նա ձեզ կուղարկի որևէ բան գնելու, պատվիրեցեք նրա համար ճաշ, ընթրիք և այլն։ Գնեցեք նաև երեք շիշ գինի և մի տուփ «Մեմֆիս»։ Այդպես։ Առայժմ ուրիշ ոչինչ։ Կարող եք գնալ։ Կրկին հիշեցնում եմ, որ պետք է կատարեք տիրուհու յուրաքանչյուր ցանկությունը, որ կնկատեք նրա աչքերում։
Ջահել դաման արդեն իսպառ կորցրել էր Շվեյկին տեսնելու հույսը և շատ զարմացավ, երբ վերջինս դուրս եկավ զորանոցից և մի նամակ ձեռքին դիմեց դեպի նա։