Գնդապետը ձեռքերն իրար զարկեց։
— Ա՜յ քեզ երիտասարդ սպաներ։ Էլ ո՞ւր մնաց կարգապահությունը։ Գնդապետը հայտարարություններ է տալիս թերթերում, իսկ պորուչիկը դրանք չի կարդում։
«Լավ կլիներ մի երկու դըրբ հասցնեի ռեխիդ, քոպակի մեկը»,— մտածեց պորուչիկը, նայելով գնդապետի բակենբարդներին, որոնցով նա նման էր օրանգուտանգի։
— Մի րոպե առաջանանք միասին,— ասաց գնդապետը, և նրանք քայլեցին, շարունակելով իրենց անուշիկ զրույցը։
— Ռազմաճակատում, պարոն պորուչիկ, երկրորդ անգամ ձեզ այդպիսի բան չի պատահի։ Թիկունքում գողացված շների հետ զբոսնելն անպայման շատ տգեղ երևույթ է։ Այո՛։ Զբոսնել պետի շա՜ն հետ։ Այն ժամանակ, երբ ռազմի դաշտերում մենք ամեն օր հարյուրավոր սպաներ ենք կորցնում… Իսկ այդ միջոցին մարդիկ հայտարարությունները չեն կարդում։ Ուրեմն, ես կարող էի շանս կորստյան մասին հայտարարություններ տալ հարյուր տարի շարունակ։ Երկուհարյուր տարի։ Երեքհարյուր տարի։
Գնդապետը բարձրաձայն խնչեց, որը միշտ նշան էր այն բանի, որ նա խիստ գրգռված է, և ասելով.
— Կարող եք զբոսանքը շարունակել,— շուռ եկավ ու գնաց, մտրակը չարացած շպպացնելով սպայական շինելի փեշերին։
Պորուչիկ Լուկաշն անցավ փողոցի մյուս կողմը և նորից լսեց մի «Halt»։ Գնդապետը կանգնեցրել էր մի տարաբախտ պահեստի զինվորի, որն այդ ժամանակ մտածելիս էր եղել տանը մնացած մոր մասին և գնդապետին չէր նկատել։
Զինվորին խստագույնս շշպռելով, գնդապետը նրան անձամբ քարշ տվեց զորանոց՝ տույժ տալու։
«Ինչպե՞ս վարվեմ Շվեյկի հետ,— մտածում էր պորուչիկը։— Քիթն ու մռութը կջարդեմ։ Բայց դա բավական չէ։ Մեջքի միսը զոլ-զոլ կտրելն ու հանելն էլ քիչ է այդ սրիկայի համար»։
Այլևս չմտածելով դամայի հետ ունենալիք առաջիկա տեսակցության մասին, գազազած պորուչիկը դիմեց դեպի տուն։
«Կսպանե՜մ նրան, այդ սրիկային»,— ասաց նա ինքն իրեն, նստելով տրամվայ։
Այդ ժամանակ քաջարի զինվոր Շվեյկը գլխովին խորասուզված էր մի զրույցի մեջ, որ տեղի էր ունենում իր և զորանոցից եկած բանբերի միջև։ Բանբերը պորուչիկին թղթեր էր բերել ստորագրելու և սպասում էր նրա գալուն։
Շվեյկը բանբերին հյուրասիրում էր սուրճով։ Նրանց խոսքն այն մասին էր, թե Ավստրիան ձեռքից գնալու է։
Այդ մասին նրանք խոսում էին, ինչպես անտարակուսելի մի բանի մասին։
Իմաստալից խոսքեր էին տեղում իրար հետևից։ Այդ իմաստալից խոսքերի ամեն մի բառը դատարանը կորակեր որպես պետական դավաճանության ապացույց, և նրանց երկուսին էլ կկախեին։
— Երևի թագավոր կայսրն այդ ամենի պատճառով ցնդել է,— ասաց Շվեյկը։— Նա առհասարակ երբեք խելոք չի եղել, բայց այս պատերազմն անշուշտ բոլորովին նրա հոգին կհանի։
— Դանդալոշի մեկն է,— ծանրակշիռ կերպով ասաց բանբերը։— Դդումը քեզ օրինակ։ Գուցե չի էլ իմանում, որ պատերազմ է։ Երևի ամաչել են նրան այդ մասին զեկուցել։ Իսկ իր ժողովուրդներին ուղղված մանիֆեստի տակ դրված նրա ստորագրությունը պարզապես ժուլիկություն է։ Տպել են առանց նրա գիտության։ Նա արդեն առհասարակ բան չի հասկանում։
— Նա իք է անում…— էքսպերտի տոնով ասաց Շվեյկը։― Տակն է դուրս գնում, և ստիպված են նրան փոքր երեխայի պես կերակրել։ Մի քանի օր առաջ գարեջրատանը մի պարոն ասում էր, թե նա երկու ծծմայր ունի, և նրանք օրը երեք անգամ թագավոր կայսրին ծիծ են տալիս։
— Է՛հ,— հառաչեց զորանոցից եկած զինվորը,— երանի շուտով մեզ ոնց որ պետքն է ջարդեին, որ Ավստրիան դինջանար։
Զրույցը շարունակվում էր նույն ոգով։ Շվեյկն Ավստրիայի օգտին ասաց մի քանի ջերմ խոսք, այսինքն, որ այդպիսի ապուշ պետությունը աշխարհիս երեսին ապրելու իրավունք չունի, իսկ զինվորը, այդ ասույթից գործնական եզրակացություն անելով, ավելացրեց․
— Հենց որ ընկնեմ ռազմաճակատ, ձեռաց կճղեմ։
Այդպես նրանք շարունակում էին արտահայտել չեխերի հայացքները համաշխարհային պատերազմի նկատմամբ։ Զորանոցից եկած զինվորն ասաց, որ այսօր Պրագայում լուրեր են շրջում, թե իբր Նախորդի մոտ արդեն լսվում է թնդանոթների ձայնը և իբր ռուսաց ցարը շատ շուտով լինելու է Կրակովում։
Այնուհետև խոսեցին այն մասին, թե չեխական հացը տանում են Գերմանիա և թե գերմանացի զինվորները սիգարետ ու շոկոլադ են ստանում։
Ապա սկսեցին վերհիշել անցած ժամանակների պատերազմները, և Շվեյկը լրջորեն ապացուցում էր, որ երբ հնում հակառակորդի պաշարված քաղաքի մեջ գարշահոտ կճուճներ են նետել, ապա այդպիսի գարշահոտության մեջ կռվելն էլ մի հաճելի բան չի եղել։ Նա իբր կարդացել էր, որ մի քաղաք պաշարել են ամբողջ երեք տարի և թշնամու արածը միայն այն է եղել, որ ամեն օր այդ կերպ զվարճացել է պաշարվածների հետ։
Հավանաբար Շվեյկը կպատմեր նաև մի ուրիշ ոչ պակաս հետաքրքիր և ուսանելի բան, եթե պորուչիկ Լուկաշի գալը չընդհատեր նրանց գրույցը։
Մի սոսկալի ոչնչացնող հայացք նետելով Շվեյկի վրա, նա ստորագրեց թղթերը և, զինվորին արձակելով, Շվեյկին գլխով նշան արեց, որ իր հետևից մտնի սենյակ։
Պորուչիկի աչքերը շանթեր էին արձակում։ Նստելով աթոռի վրա և նայելով Շվեյկին, նա խորհում էր, թե երբ սկսի քոթակը։
«Նախ մի երկու դըրբ կհասցնեմ ռեխին,— մտածում էր պորուչիկը,— հետո կջնջխեմ քիթը և կպոկեմ ականջները, իսկ հետո կտեսնենք»։