Выбрать главу

Լուսադեմին պորուչիկն իրեն զգում էր այնպես, որ կարծես արթնացել էր խրախճալից գիշերից հետո, կարծես երեկ գլուխը թակել էին։ Գիշերը նրան տանջել էին մղձավանջային երազները։ Այդ զարհուրելի երազներից ուժասպառ, նա լուսադեմին նորից քնեց, սակայն արթնացավ դռան թակոցի ձայնից, և այդ ժամանակ հայտնվեց Շվեյկի բարեհամբույր դեմքը։ Շվեյկն եկել էր հարցնելու, թե արդյոք պորուչիկը ո՞ր ժամին կհրամայեր իրեն արթնացնել։

Պորուչիկը խուլ տնքաց.

― Դո՛ւրս կորիր, անասուն։ Սա սոսկալի՜ է․․․

Երբ պորուչիկը վեր կացավ, ապա Շվեյկը նախաճաշ մատուցելիս նրան զարմացրեց մի նոր հարցով․

― Համարձակվում եմ հարցնել, պարոն օբեր-լեյտենանտ, չէի՞ք հրամայի ձեզ համար ուրիշ շուն ճարել։

— Գիտե՞ք ինչ, Շվեյկ, ես մեծ ցանկություն ունեմ ձեզ դաշտային դատարանին հանձնելու,— ասաց պորուչիկը հառաչելով,— բայց չէ՞ որ դատավորները ձեզ կարդարացնեն, քանի որ իրենց կյանքում ձեզնից ավելի մեծ տխմար չեն տեսել։ Հապա մի ձեզ նայեցեք հայելու մեջ։ Սիրտներդ չի՞ խառնում ձեր դեմքի ապուշ արտահայտությունից։ Դուք բնության ամենահիմար խաղն եք, որ երբևէ ես տեսել եմ։ Դե՛հ, անկեղծ ասացեք, Շվեյկ, դուք ինքներդ ձեզ դո՞ւր եք գալիս։

— Բնավ ոչ, պարոն օբեր-լեյտենանտ, դուր չեմ գալիս։ Ես այս հայելու մեջ նման եմ եղևնու կոնի։ Հայելին հղկված չէ։ Ա՛յ, օրինակ, չինացի Ստանեկի խանութում մի ուռուցիկ հայելի էր դրված։ Նայողի սիրտը խառնում էր։ Բերանն, ա՛յ, այսպես, գլուխն ինչպես կեղտաջրի լագան, փորն ինչպես կանոնիկոսի՝ գարեջրով լցված փոր, մի խոսքով՝ իսկը սֆաթ։ Մի անգամ հայելու մոտով անցավ գեներալ-նահանգապետը, նայեց ինքն իրեն… և րոպեապես ստիպված եղան հայելին մեջտեղից հանել։

Պորուչիկը շուռ եկավ, հառաչեց և ավելի լավ համարեց զբաղվել սուրճով ու արաժանով, քան Շվեյկով։

Շվեյկն արդեն ջանք էր թափում խոհանոցում, և պորուչիկ Լուկաշը լսում էր նրա երգը․

Ընթանում է Գրենևիլը, գնում դհպի Պրաշնե Բրանա։

Սուրն է նրա փայլատակում, և լալիս են աղջիկները․․․

Եվ ապա.

Մենք զինվոր ենք, քաշ ենք մենք,

Ինչքան ասես փող ունենք,

Սիրուններն են մեզ սիրում,

Ամեն տեղ լավ ընդունում։

«Քեզ համար, երևի, ամեն տեղ լավ է, անզգամ»— մտածեց պորուչիկն ու թքեց։

Դռան առաջ երևաց Շվեյկի գլուխը։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, հենց նոր զորանոցից մարդ եկավ ձեզ կանչելու, դուք պետք է ներկայանաք պարոն գնդապետին։ Բանբերն այստեղ է։

Եվ մտերմավարի ավելացրեց.

— Դա վայ թե այն շնիկի համար է։

Երբ բամբերը նախասենյակում ցանկացավ զեկուցել, թե ինքն ինչ նպատակով է եկել, պորուչիկն ասաց․

— Արդեն լսեցի։

Եվ դուրս գնաց, մի ոչնչացնող հայացք նետելով Շվեյկի վրա։

Դա զեկույց չէր, այլ շատ ավելի վատ բան։

Երբ պորուչիկը մտավ գնդապետի կաբինետը, վերջինս մռայլված ընկողմանել էր բազկաթոռի մեջ։

— Սրանից երկու տարի առաջ, պորուչիկ,— ասաց նա,— դուք խնդրել էիք ձեզ տեղափոխել Բուդեյովիցիի Իննսունմեկերորդ գունդը։ Գիտե՞ք, արդյոք, որտեղ է գտնվում Բուդեյովիցը։ Վլտավայի ափին։ Այո՛։ Վլտավա գետի ափին, և այդ գետի մեջ թափվում է Օհրժեն կամ նման մի բան։ Մեծ քաղաք է, ես կասեի՝ հյուրասեր քաղաք, և, եթե չեմ սխալվում, այնտեղ առափ կա։ Առափ նշանակում է ափին շինված քարե պարիսպ։ Այո՛։ Ի դեպ, դա գործին չի վերաբերվում։ Մենք այնտեղ զորավարժություններ ենք կատարել։

Գնդապետը լռեց և, թանաքամանին նայելով, արագ անցավ այլ թեմայի։

— Իմ շունը ձեզ մոտ փչացել է։ Ոչինչ չի ուզում ուտել։ Ա՛յ թե ինչ։ Ճանճ ընկավ թանաքամանի մեջ։ Զարմանալի՜ բան, ձմեռ ժամանակ ճանճերն ընկնում են թանաքամանի մեջ։ Անկարգությո՛ւն։

«Դեհ, վերջապես, խոսիր, ծեր քոպակ»,— մտածեց պորուչիկը։

Գնդապետը տեղից վեր կացավ և մի քանի անգամ գնաց ու եկավ կաբինետում։

— Ես երկար մտածեցի, պարոն պորուչիկ, թե ինչպես վարվեմ ձեզ հետ, որպեսզի այլևս այդպիսի փաստեր չկրկնվեն, և այդ ժամանակ հիշեցի, որ դուք ցանկություն էիք հայտնել ձեզ տեղափոխելու Իննսունմեկերորդ գունդը։ Գլխավոր շտաբը վերջերս մեզ իրազեկ դարձրեց, որ Իննսունմեկերորդ գնդում սպայական կազմի մեծ պակաս է զգացվում, քանի որ սերբերը նրանց կոտորել են։ Ձեզ ազնիվ խոսք եմ տալիս, որ երեք օրվա ընթացքում դուք կլինեք Բուդեյովիցի Իննսունմեկերորդ գնդում, որտեղ երթային գումարտակներ են կազմավորվում։ Կարող եք շնորհակալություն չհայտնել։ Բանակը կարիք ունի սպաների, որոնք…

Եվ, չիմանալով էլ ինչ ավելացնել, նայեց ժամացույցին ու ասաց.

— Արդեն տասն անց է կես, գնդի զեկույցն ընդունելու ժամանակն է։

Դրանով հաճելի զրույցն ավարտվեց, և պորուչիկի սիրտը թեթևացավ, երբ նա դուրս եկավ կաբինետից։ Պորուչիկը գնաց հոժարականների դպրոցը և այնտեղ հայտարարեց, թե մոտ օրերս մեկնելու է ռազմաճակատ և այդ առթիվ Նեկազանկայում հրաժեշտի երեկույթ է սարքում։

Վերադառնալով տուն, նա Շվեյկին բազմանշանակ հարցրեց.

— Արդյոք ձեզ հայտնի՞ է Շվեյկ, թե ինչ է երթային գումարտակը։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, երթային գումարտակը «երթգում է», իսկ երթային վաշտը՝ «երթվաշտ»։ Մենք միշտ այդպես կրճատում ենք։