Выбрать главу

— Ես խորապես համոզված եմ, Շվեյկ,— ասաց պորուչիկը,— որ ձեր վերջը վատ կլինի։ Մինչև օրս չեմ կարողանում հասկանալ՝ ձեզ էշի՞ տեղ եք դնում թե հենց էշ էլ ծնվել եք։ Ի՞նչ կար այն ճամպրուկի մեջ։

— Գրեթե ոչինչ, պարոն օբեր-լեյտենանտ,— պատասխանեց Շվեյկը, աչքը չհեռացնելով պորուչիկի դիմաց նստած ճաղատ քաղաքացու գանգից։ Թվում էր, թե քաղաքացին ոչ մի հետաքրքրություն չէր ցուցաբերում տեղի ունեցածի նկատմամբ, և կարդում էր «Նոյե Ֆրայե Պրեսսե» թերթը։— Ճամպրուկի մեջ միայն ձեր սենյակի հայելին էր և նախասենյակի երկաթե կախարանը, այնպես որ, իսկապես ասած, մենք ոչ մի վնաս չենք ունեցել, որովհետև հայելին էլ, կախարանն էլ տանտիրոջն էին…— Նկատելով պորուչիկի սպառնալից ժեստը, Շվեյկը շարունակեց փաղաքշական տոնով.— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ես նախապես ոչինչ չգիտեի, թե ճամպրուկը կարող են գողանալ, իսկ ինչ վերաբերվում է հայելուն ու կախարանին, ապա ես տանտիրոջն ասացի, որ ռազմաճակատից տուն վերադառնալուց հետո ամեն ինչ կվերադարձնենք։ Թշնամու հողերում ինչքան ասեք հայելի ու կախարան կա, այնպես որ, միևնույն է, ո՛չ մենք, ո՛չ էլ տանտերը վնասի տակ չենք մնա։ Հենց որ մի քաղաք գրավենք…

— Ձա՛յնդ,— օտարոտի ձայնով ծղրտաց պորուչիկը։— Ես ձեզ դաշտային դատարանի ձեռքը կտամ։ Մտածեք ի՛նչ եք ասում, եթե միայն ձեր գլխում խելքի կտոր կա։ Մի ուրիշը հազար տարում չէր կարող այնքան հիմարություններ անել, որքան դուք այս մի քանի շաբաթվա ընթացքում։ Հուսամ, դուք դա նկատել եք։

— Ճիշտ այդպես, պարոն օբեր-լեյտենանտ, նկատել եմ։ Իմ մեջ, ինչպես ասում են, խիստ զարգացած է դիտելու և նկատելու տաղանդը, որը, սակայն, արտահայտվում է հենց այն ժամանակ, երբ արդեն ուշ է և երբ արդեն բանը բանից անցել է։ Ես շատ ձախորդ մարդ եմ, ինչպես Նեկազանկայում ապրող Նեխլեբան, որ հաճախում էր «Քած շան անտառակ» պանդոկը։ Նա միշտ երազում էր առաքինի մարդ դառնալ և ամեն շաբաթ օր նորից նոր կյանք էր սկսում, իսկ հաջորդ օրը պատմում. «Իսկ առավոտյան, ընկերներ, նկատեցի, որ պառկած եմ նարի վրա»։ Եվ միշտ էլ, հակառակի պես, նրա գլխին փորձանք էր գալիս հենց այն ժամանակ, երբ որոշում էր, որ իր համար սուսուփուս տուն կգնա։ Վերջում, այնուամենայնիվ, պարզվում էր, որ նա որևէ տեղ քանդել է ցանկապատը, կամ լծարձակել է կառքի ձին, կամ փորձել է իր ծխամորճը մաքրել ոստիկանի սաղավարտի ցցունքից պոկած աքլորափետուրով։ Այդ ամենի պատճառով Նեխլերան հուսահատված էր, բայց նրան առանձնապես սրտնեղում էր, որ իր ամբողջ ցեղն է այդպես ձախորդ։ Մի անգամ նրա պապը գնացել էր աշխարհե աշխարհ թափառելու…

— Հանգիստ թողեք ինձ, Շվեյկ, ձեր այդ պատմություններով։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբերլեյտենանտ, որ այն ամենը, ինչ ես հիմա ասում եմ, զուտ ճշմարտություն է։ Գնացել էր, ուրեմն, նրա պապը աշխարհե աշխարհ թափառելու…

— Շվե՛յկ,— զայրացավ պորուչիկը,— մի անգամ ևս ձեզ հրամայում եմ վերջ տալ ձեր շաղակրատությանը։ Բուդեյովիցի հասնելուն պես ես ձեր դատաստանը կտեսնեմ։ Կալանքի տակ կառնեմ։ Դա գիտե՞ք։

— Բնավ ոչ, պարոն օբեր-լեյտենանտ, չգիտեմ,— մեղմաբար ասաց Շվեյկը։— Դուք այդ մասին նույնիսկ ծպտուն չեք հանել։

Պորուչիկն ակամա կրճտացրեց ատամները, հառաչեց, շինելի գրպանից հանեց «Բոհեմիա» թերթը և սկսեց կարդալ այն հաղորդագրությունները, որ վերաբերվում էին գերմանական «Ե» սուզանավի վիթխարի հաղթանակներին և Միջերկրական ծովում ծավալած գործողություններին։ Երբ նա հասավ, այն հաղորդագրությանը, որ վերաբերվում էր գերմանական նոր գյուտին, այսինքն սավառնակներից նետվող և երեք անգամ իրար հետևից պայթող ռումբերի միջոցով քաղաքները հօդս ցնդեցնելուն, նրա ընթերցումն ընդհատեց Շվեյկը, որ խոսում էր ճաղատ քաղաքացու հետ։

— Կներեք, պարոն, արդյոք դուք «Սլավիա» բանկի գործակալ պարոն Պուրկրաբեկը չե՞ք։

Պատասխան չստանալով, նա դիմեց պորուչիկին․

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն, օբեր-լեյտենանտ, ես մի անգամ թերթերում կարդացել եմ, որ նորմալ մարդու գլխին միջին հաշվով վաթսունից մինչև յոթանասուն հազար մազ պիտի լինի և որ սևահերների մազերը սովորաբար ավելի նոսր են լինում, այդ բանն հաստատող շատ օրինակներ կան․․․ Իսկ մի բուժակ,— շարունակեց նա անողոքաբար,— «Շպիրեկ» սրճարանում ասում էր, թե մարդուս մազերը թափվում են ծննդյան առաջին վեց շաբաթվա ընթացքում, հոգեկան ուժեղ ցնցումից։