Выбрать главу

Այդ պահին տեղի ունեցավ զարհուրելի մի բան։ Ճաղատ պարոնը տեղից վեր թռավ ու գոռաց Շվեյկի վրա.

— Marsch heraus, Sie Schweinkerl![1],— և ոտքով այհպես հարվածեց նրան, որ երկուսով էլ դուրս նետվեցին միջանցք։ Հետո ճաղատ պարոնը ետ եկավ և պորուչիկին մատուցեց մի փոքրիկ անակնկալ ներկայանալով նրան։

Շվեյկը փոքր-ինչ սխալվել էր. ճաղատ անձնավորությունը ոչ թե «Սլավիա» բանկի գործակալ պան Պուրկրաբեկն էր, այլ ոչ ավելի, ոչ պակաս գեներալ-մայոր Շվարցբուրգը։ Գեներալ-մայորը քաղաքացիական հագուստով տեսչական ուղևորություն էր կատարում կայազորից կայազոր և տվյալ պահին պատրաստվում էր հանկարծակի հայտնվել Բուդեյովիցիում։

Նա ամենասարսափելի գեներալ-տեսուչն էր, որ երբևէ ծնվել է լուսնի տակ։ Որևէ տեղ անկարգություն հայտնաբերելիս նա կայազորի պետի հետ սկսում էր այսպիսի խոսակցություն.

— Դուք ատրճանակ ունե՞ք։

— Ունեմ։

— Շա՛տ գեղեցիկ։ Եթե ես ձեր տեղը լինեի՝ կիմանայի, թե ինչ պետք է անել այդ ատրճանակով։ Սա կայազոր չէ, այլ խոզերի բոլուկ։

Եվ, հիրավի, նրա տեսչական ուղևորությունից հետո մերթ այստեղ, մերթ այնտեղ որևէ մեկը ինքնասպանություն էր գործում։ նման դեպքերում գեներալ ֆոն Շվարցբուրգը հավաստում էր․

― Ճի՛շտ է վարվել, իսկական զինվոր է։

Թվում էր, թե նրա սրտովը չէր, երբ իր ռևիզիայից հետո որևէ մեկը ողջ էր մնում։ Բացի դրանից, նա տառապում էր սպաներին ամենանողկալի վայրեր, տեղափոխելու մոլագարությամբ։ Բավական էր չնչին մի զանցանք, որպեսզի սպան հրաժեշտ տար իր կայազորին և ուղարկվեր Չերնոգորիայի սահմանը կամ գալիցիական որևէ կեղտոտ ծայրագավառում գտնվող իսպառ մոռացված մի կայազոր։

— Պարոն պորուչիկ,— հարցրեց գեներալը,— դուք զինվորական ո՞ր ուսումնարանում եք սովորել։

— Պրագայի։

— Եվ այդպես, դուք սովորել եք զինվորական ուսումնարանում և չգիտեք, որ սպան պատասխանատու է իր ստորադրյալի համար։ Լա՛վ։ Երկրորդ, դուք շաղակրատում եք ձեր սպասյակի հետ, կարծես նա ձեր մտերիմ ընկերը լինի։ Թույլ եք տալիս, որ նա խոսի, երբ նրան չեն խոսեցնում։ Ավելի՛ լավ։ Երրորդ, դուք նրան թույլ եք տալիս վիրավորել մեր պետերին… Է՛լ ավելի լավ։ Այդ բոլորից ես անում եմ որոշ եզրակացություններ… Ձեր ազգանունն ի՞նչ է, պարոն պորուչիկ։

— Լուկաշ։

— Ո՞ր գնդից եք։

— Ես ծառայում էի․․․

― Ներողություն կանեք։ Խոսքս այն մասին չէ, թե որտեղ էիք ծառայել։ Ես ուզում եմ իմանալ, թե որտեղ եք ծառայում ներկայումս։

― Իննսունմեկերորդ հետևակ գնդում, պարոն գեներալ-մայոր։ Ինձ տեղափոխել են…

— Ձեզ տեղափոխե՞լ են։ Լավ էլ արել են։ Ձեզ համար բնավ վնասակար չի լինի Իննսունմեկերորդ գնդի հետ միասին մոտ ժամանակներս տեսնել ռազմական գործողությունների թատերաբեմը։

― Այդ մասին արդեն որոշում կա, պարոն գեներալ-մայոր։

Այստեղ գեներալ-մայորը մի դասախոսություն կարդաց, թե վեջերս սպաները, ինչպես ինքը նկատել է, սկսել են իրենց ստորադրյալների հետ ընկերական տոնով խոսել, թե ինքը դրա մեջ տեսնում է վտանգավոր մի թեքում, դեպի զանազան դեմոկրատական սկզբունքների զարգացումը։ Զինվորին պետք է ահ ու սարսափի մեջ պահել, նա պետք է դողա պետի առաջ, նրանից վախենա։ Սպաները պարտավոր են զինվորներին իրենցից տասը քայլ հեռու պահել և թույլ չտալ, որ նրանք սեփական դատողություններ ունենան և առհասարակ մտածեն։ Վերջին տարիների ողբերգական սխալն այն է, որ հենց դրա հակառակն է արվում։ Նախկինում ստորադրյալները սպաներից վախենում էին, ինչպես կրակից, իսկ հիմա․․․― Գեներալ-մայորը անհուսաբար ձեռքը թափ տվեց,— հիմա սպաների մեծ մասը զինվորների գլխով պտույտ է գալիս, ահա թե ինչ կասեի ես։

Գեներալ-մայորը նորից ձեռքն առավ թերթը և խորասուզվեց ընթերցանության մեջ։

Պորուչիկ Լուկաշը, գույնը գցած, դուրս եկավ միջանցք, որ Շվեյկի հետ հաշիվ տեսնի։ Շվեյկը կանգնած էր լուսամատի մոտ՝ մի այնպիսի երջանիկ ու գոհ արտահայտությամբ, որպիսին ունենում է միայն կաթը կուշտ ծծած և մուշ-մուշ քնած մանկիկը։

Պորուչիկը կանգ առավ և գլխի շարժումով նրան ցույց ավեց մի դատարկ կուպե։ Հետո Շվեյկի հետևից ինքն էլ ներս մտավ և դուռը փակեց։

— Շվե՛յկ,— ասաց նա հանդիսավորապես,— վերջապես հասավ այն պահը, երբ դուք ինձնից կստանաք մի զույգ այնպիսի ապտակ, որ աշխարհը դեռ չի տեսել։ Ինչպե՞ս համարձակվեցիք կպչել այդ քաչալ պարոնին։ Գիտե՞ք ով է նա։ Դա գեներալ-մայոր ֆոն Շվարցբուրգն է։

Շվեյկը նահատակի տեսք ընդունեց։

— Բնավ ոչ, պարոն օբեր-լեյտենանտ, կյանքումս, երբեք մտքովս չի անցել որևէ մեկին վիրավորել, ես ոչ մի գեներալ-մայորի մասին գաղափար անգամ չունեի։ Իսկ նա, իրոք, իսկը «Սլավիա» բանկի գործակալ պան Պուրկրաբեկն է։ Այդ Պուրկրաբեկը հաճախում էր մեր պանդոկը, և մի անգամ, երբ սեղանի մոտ նստած քնեց, մի սրտացավ մարդ նրա ճաղատ գլխի վրա թանաքի մատիտով գրեց, «Սույնով, համաձայն կից ներկայացվող № 111 տարիֆի, մեզ թույլ ենք տալիս ձեզ առաջարկել մեր ծառայությունները օժիտի համար միջոցներ կուտակելու և ձեր երեխաներին ապահովելու նպատակով ձեր կյանքը ապահովագրելու գործում»։ Դեհ, հասկանալի է, բոլորը գնացին, և ես ու նա մենակ մնացինք։ Իսկ, հայտնի բան է, որ իմ բախտը երբեք չի բերում։ Երբ նա արթնացավ ու նայեց հայելուն, կատաղեց ու կարծեց, թե դա ես եմ գրել, և նույնպես ուզում էր ինձ մի զույգ ապտակ հասցնել։