«Նույնպես» բառը Շվեյկի բերանից հնչեց այնպես սրտառուչ և այնպիսի մեղմ կշտամբանքով, որ պորուչիկի ձեռքերը թուլացան։
Շվեյկը շարունակեց․
— Այդպիսի փոքր սխալի համար կարիք չկար, որ այդ պարոնը հուզվեր։ Իրոք, նա պետք է ունենա վաթսունից մինչև յոթանասուն հազար մազ։ Այդպես էր ասված «Ինչ պետք է ունենա նորմալ մարդը» հոդվածում։ Երբեք մտքովս չի անցել, որ աշխարհիս երեսին գոյություն ունի ինչ-որ ճաղատ գեներալ-մայոր։ Տեղի է ունեցել, ինչպես ասում են, ճակատագրական սխալ, որ ամեն մարդ կարող է կատարել, երբ հանկարծ մի բան ասի, իսկ մի ուրիշը նրա ամեն մի բառի պոչից կպչի։ Սրանից մի քանի տարի առաջ դերձակ Գիվլը իր կյանքից մի այսպիսի դեպք պատմեց։ Մի անգամ Շտիրիայից, ուր նա դերձակություն էր անում, Լեոբենի վրայով գնում է Պրագա, և հետը տանելիս է լինում ապխտած ազդրեր, որ գնելէր Մարիբորում։ Գնում է գնացքում նստած և միտք անում, թե ինքը ուղևորների մեզ միակ չեխն է։ Երբ Սուրբ Մորից կայարանն անցնում են, դերձակն սկսում է ապխտած ազդրերից իր համար պատառներ կտրատել։ Իսկ նրա դիմաց նստած է մի ուղևոր, որը այդ խոզապուխտին նայում է սիրահարի հայացքով, այնպես որ թուքը գնում է։ Դերձակ Գիվլը դա նկատում է և ինքն իրեն բարձրաձայն ասում. «Համա թե, քոսոտի մեկը, հաճույքով կլափեիր»։ Եվ ահա պարոնը նրան պատասխանում է չեխերեն, «Իհարկե, կլափեի, եթե տայիր»։ Եվ երկուսով ամբողջ խոզապուխտը լափում են դեռ մինչև Չեխական Բուդեյովիցի չհասած։ Իսկ այն պարոնի անունն էր Վոյտեխ Ռոուս։
Պորոլչիկ Լուկաշը նայեց Շվեյկին և կուպեից դուրս եկավ։ Նա դեռ չէր էլ նստել իր տեղը, երբ դռան առաջ հայտնվեց Շվեյկի սրտաբաց ու շիտակ դեմքը․
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, հինգ րոպեից կլինենք Թաբորում։ Գնացքը կանգնում է հինգ րոպե։ Չէի՞ք հրամայի ընթրիքի համար մի բան պատվիրել։ Մի ժամանակ այստեղ կարելի էր ճարել լավ․․․
Պորուչիկը խայթվածի նման վեր թռավ նստած տեղից և միջանցքում Շվեյկին ասաց.
— Նորից եմ նախազգուշացնում, որ որքան քիչ երևաք աչքիս, այնքան ավելի լավ։ Երջանիկ կլինեի, եթե ձեզ բոլորովին չտեսնեի, և, համոզված եղեք, որ ես այդ մասին կհոգամ։ Աչքիս չերևաք, չքվեցեք, անասո՛ւն, ապո՛ւշ։
— Լսում եմ, պարոն օբեր-լեյտենանտ։
Շվեյկը պատիվ տվեց, ըստ բոլոր կանոնների շրջվեց կրունկների վրա և գնաց վագոնի վերջին ծայրը։ Այնտեղ նա նստեց կոնդուկտորի տեղում և սկսեց խոսել ինչ-որ երկաթուղայինի հետ։
— Թույլ տվեք ձեզ դիմել մի հարցով։
Երկաթուղայինը, խոսակցություն սկսելու ոչ մի ցանկություն չցուցաբերելով, անտարբեր կերպով գլխով արեց։
— Ինձ հաճախ հյուր էր գալիս մի ծանոթ մարդ,— սկսեց Շվեյկը,— լավ տղա էր, ազգանունը Հոֆման։ Ահա այդ Հոֆմանը պնդում էր, թե այս արգելակները տագնապի դեպքում չեն գործում, կարճ ասած, եթե բռնակը քաշես՝ ոչինչ դուրս չի գա։ Ես, ճիշտն ասած, այդպիսի բաներով երբեք չեմ հետաքրքրվել, բայց քանի որ այսօր ուշադրություն դարձրի այս արգելակի վրա, ապա հետաքրքիր կլիներ իմանալ, թե բանն ինչումն է, մեկ էլ տեսար, մի օր պետք եկավ։
Շվեյկը վեր կացավ և երկաթուղայինի հետ միասին մոտեցավ արգելակին, որի վրա գրված էր․ «Վտանգի դեպքում»։
Երկաթուղայինն իր պարտքը համարեց Շվեյկին բացատրել վթարային ապարատի ամբողջ կառուցվածքը.
— Նա ձեզ ճիշտ է ասել, թե բռնակը պետք է ձգել, բայց փչել է, թե դա չի գործում։ Գնացքն անպայման կկանգնի, որովհետև արգելակը բոլոր վագոնների միջով միացած է շոգեկառքին։ Վթարային արգելակը պետք է գործի։
Այդ խոսակցության միջոցին երկուսն էլ ձեռքները դրել էին բռնակի վրա, և հիրավի հանելուկ է, թե ինչպես պատահեց, որ բռնակը հետ գնաց և գնացքը կանգ առավ։
Նրանք երկուսով ոչ մի կերպ համաձայնության չէին գալիս, թե իսկապես ով տվեց տագնապի ազդանշանը։ Շվեյկը պնդում էր, թե ինքն այդպիսի բան չէր կարող անել, քանի որ փողոցային երեխա չէ։
— Ինքս էլ եմ զարմանում,— բարեհոգաբար ասաց նա վրա հասած կոնդուկտորին,— թե, ախր, ինչու գնացքը հանկարծ կանգ առավ։ Գնում էր, գնում, և հանկարծ, ա՛ռ քեզ,— ստոպ։ Ինձ համար դա շատ ավելի տհաճ է, քան ձեզ համար։
Մի պատկառելի պարոն սկսեց պաշտպանել երկաթուղայինին, պնդելով, որ իր ականջով լսել է, թե ինչպես զինվորն առաջինն է խոսք բացել վթարային արգելակների մասին։
Սակայն Շվեյկը շարունակ կրկնում էր, թե ինքը միանգամայն ազնիվ է և ոչ մի շահագրգռություն չունի գնացքն ուշացնելու, քանի որ գնում է ռազմաճակատ։
— Կայարանապետը ձեզ ամեն ինչ կբացատրի,— որոշեց կոնդուկտորը։— Դա ձեզ վրա քսան կրոն կնստի։
Այդ միջոցին ուղևորները դուրս էին թափվում վագոններից, լսվեց օբեր-ուղեկցորդի սուլիչի ձայնը, և մի տիկին, ճամպրուկը ձեռքին, գծի վրայով խուճապահար վազ տվեց դեպի դաշտը։
— Եվ արժե,— ասաց Շվեյկը, պահպանելով կատարյալ հանգստություն,― քսան կրոնը նույնիսկ էժան է։ Մի անգամ, երբ թագավոր կայսրը այցելեց Ժիժկով քաղաքը, ոմն Ֆրանտա Շնոր կանգնեցրեց նրա կառեթը, վազելով և ուղղակի փողոցի մեջտեղում ծունկի գալով թագավոր կայսրի առաջ։ Հետո այդ շրջանի ոստիկանական կոմիսարը լաց լինելով Շնորին կշտամբում ու ասում էր, թե նա պետք է ծունկի գար ոչ թե նրա շրջանում, այլ հարևան փողոցում, որը մտնում է կոմիսար Կառուսի շրջանի մեջ, այնտեղ պետք է արտահայտեր հավատարիմ հպատակի իր զգացմունքները։ Հետո Շնորին նստեցրին։