Շվեյկը նայեց շուրջը հենց այն, պահին, երբ նրան լսողների խմբին մոտեցավ ավագ կոնդուկտորը։
― Դե լավ, շարունակենք մեր ճանապարհը,― ասաց Շվեյկը,— գնացքի ուշանալուց օգուտ չկա։ Եթե դա պատահեր խաղաղ ժամանակ, ապա, խնդրեմ, աստված իր հետ, բայց քանի որ պատերազմ է, պետք է իմանալ, որ յուրաքանչյուր գնացքում կան զինվորական բարձրաստիճան անձինք՝ գեներալ-մայորներ, ավագ լեյտենանտներ, սպասյակներ։ Այդպիսի ամեն մի ուշացում վտանգավոր բան է։ Նապոլեոնը Վաթերլոյի ժամանակ հինգ րոպե ուշացավ և իր ամբողջ փառքով արտաքնոցի բաժին դարձավ։
Այդ պահին լսողների խումբը ճեղքելով նրան մոտեցավ պորուչիկ Լուկաշը։ Մեռելի պես գունատ, նա կարողացավ ասել միայն․
― Շվե՛յկ։
Շվեյկը զինվորական պատիվ տվեց ու զեկուցեց.
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն ավագ լեյտենանտ, մեղքը վրաս են գցել, թե գնացքը ես եմ կանգնեցրել։ Երկաթուղային գերատեսչությունը հիանալի՜ պլոմբներ է դրել վթարային արգելակների վրա։ Ավելի հավ է մարդ դրանց չմոտենա, թե չէ գլխին փորձանք կգա և կցանկանան քսան կրոն պոկել, ինչպես հիմա ինձնից։
Ավագ կոնդուկտորը դուրս եկավ, սուլեց, և գնացքը շարժվեց։
Ուղևորնևրը ցրվեցին ու գնացին իրենց կուպեները։ Լուկաշը այլևս ոչ մի խոսք չասաց և նույնպես գնաց իր տեղը։ Մնացին մենակ Շվեյկը, երկաթուղային ծառայողն ու կոնդուկտորը։
Կոնդուկտորը հանեց իր ծոցատետրն ու սկսեց դեպքի առթիվ արձանագրություն կազմել։ Երկաթուղայինը թշնամաբար նայում էր Շվեյկին։ Շվեյկը հարցրեց.
— Վաղո՞ւց եք ծառայում երկաթուղում։
Քանի որ երկաթուղայինը չպատասխանեց, Շվեյկն սկսեց պատմել իր ծանոթներից մեկի՝ Պրագայի մոտ, Ուգրժենևեսում ապրող ոմն Ֆրանտիշեկ Մլչիկին պատահած դեպքը։ Այդ Մլչիկն էլ մի անգամ քաշել է արգելակի բռնակը և վախից լալացել։ Խոսելու ընդունակությունը վերականգնվել է միայն երկու շաբաթ հետո, երբ նա հյուր է գնացել Գոստիվար՝ բանջարաբույծ Վանեկի տունը, այնտեղ կռիվ է գցել և նրան այնքան են տվել, որ որսամտրակը թել-թել է եղել։
― Դա տեղի է ունեցել,— ավելացրեց Շվեյկը,— հազար իննհարյուր տասներկու թվի մայիս ամսին։
Երկաթուղային ծառայողը մտավ արտաքնոց և դուռն իր հետևից փակեց։
Մնացին Շվեյկն ու կոնդուկտորը, որը ջանում էր նրանից քսան կրոն տուգանք շորթել, սպառնալով, թե հակառակ դեպքում նրան Թաբորում կհանձնի կայարանապետին։
— Ի՛նչ կա որ, շատ լավ կլինի,— ասաց Շվեյկը,— ես դեմ չեմ կրթված մարդու հետ զրուցելուն։ Շատ ուրախ կլինեմ ծանոթանալ Թաբորի կայարանապետի հետ։
Շվեյկը գիմնաստյորկայի գրպանից հանեք ծխամորճը, վառեց և, բերանից բաց թողնելով թութունի կծու ծուխը, շարունակեց.
Սրանից մի քանի տարի առաջ Սվիտավա կայարանի պետն էր պան Վագները։ Համա՜ թե անխիղճ մարդ էր։ Ամեն մի դատարկ բանի համար ստորադրյալների հոգին հանում էր, սակայն ամենից շատ նեղում էր սլաքավար Յունգվիրտին, մինչև որ խեղճը հուսահատությունից վազեց ու իրեն գցեց գետը։ Բայց կյանքին վերջ տալուց առաջ Յունգվիրտը կայարանապետին մի նամակ էր գրել, թե գիշերները պիտի վախեցնի նրան։ Ե՛ս իմ հոգին, սուտ չեմ ասում։ Եվ ասածը արեց։ Եվ ահա գիշերը կայարանապետը նստած է հեռագրական ապարատի մոտ, մեկ էլ հանկարծ հնչում է զանգը, և նա ընդունում է հետևյալ հեռագիրը. «Ի՞նչ հալի ես, սրիկա, Յունգվիրտ»։ Դա շարունակվեց մի ամբողջ շաբաթ, և կայարանապետը ի պատասխան այդ ուրվականի հեռագրի, սկսեց բոլոր ուղղություններով ուղարկել հետևյալ պաշտոնական հեռագիրը. «Ներիր ինձ, Յունգվիրտ»։ Իսկ գիշերն ապարատը նրա համար թխկթխկացրեց այսպիսի մի պատասխան. «Կախվիր կամրջի մոտի սիմաֆորից։ Յունգվիրտ»։ Կայարանա պետը կատարեց նրա պահանջը։ Հետո դրա համար ձերբակալեցին հարևան կայարանի հեռագրիչին։ Տեսնո՞ւմ եք, երկնքի և երկրի միջև այնպիսի բաներ են տեղի ունենում, որոնց մասին մենք նույնիսկ գաղափար չունենք։
Գնացքը, մոտեցավ Թաբոր կայարանին, և Շվեյկը կոնդուկտորի հետ գնացքից իջնելուց առաջ, ինչպես պահանջվում էր զեկուցեց պորուչիկ Լուկաշին.
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ինձ տանում են կայարանապետի մոտ։
Պորուչիկ Լուկաշը չպատասխանեց։ Նրան համակել էր մի կատարյալ անտարբերություն։
«Թքել եմ ամեն ինչի վրա,— անցավ նրա մտքով,— և՛ Շվեյկի, և՛ դիմացս նստած ճաղատ գեներալ-մայորի վրա։ Ինձ մնում է հանգիստ նստել գնացքում, Բուդեյովիցիում իջնել գնացքից, գնալ զորանոց և առաջին իսկ երթային վաշտի հետ մեկնել ռազմաճակատ, ռազմաճակատում ճակատս դեմ անել թշնամու գնդակին և հեռանալ այս թշվառ աշխարհից, ուր Շվեյկի նման մի սրիկա է թրև գալիս»։
Երբ գնացքը կանգ առավ, պորուչիկ Լուկաշը լուսամուտից դուրս նայեց և կառամատույցում տեսավ Շվեյկին, որը կայարանապետի հետ լուրջ խոսակցությամբ էր տարված։ Նա շրջապատված էր մի բազմությամբ, որի մեջ կարելի էր նկատել երկաթուղայինների համազգեստներ։