Պորուչիկ Լուկաշը հառաչեց։ Բայց դա ափսոսանքի հառաչ չէր։ Երբ նա տեսավ, որ Շվեյկը մնաց կառամատույցում, սրտանց ուրախացավ։ Հիմա նույնիսկ ճաղատ գեներալ-մայորը նրան այնքան էլ գարշելի հրեշ չէր թվում։
Գնացքն արդեն վաղուց էր փնչում Չեխական Բուդեյովիցիի ուղղությամբ, իսկ Թաբորի կայարանի կառամատույցում Շվեյկին շրջապատող բազմությունը չէր նվազում։
Շվեյկն ապացուցում էր իր անմեղությունը և այնքան համոզեց բազմությանը, որ մի տիկին նույնիսկ ասաց․
— Դարձյալ զինվորներից են կպել։
Հասարակությունը համաձայնեց այդ կարծիքին, իսկ մի պարոն, դիմելով կայարանապետին, ասաց, թե Շվեյկի փոխարեն ինքը կվճարի քսան կրոն տուգանքը և թե համոզված է, որ այդ զինվորն անմեղ է։
— Հապա նայեցեք նրան,— ցույց տվեց նա Շվեյկի դեմքի անմեղունակ արտահայտությունը, որ կարծես բոլորին ասում էր, «Բարի՛ մարդիկ, ես մեղավոր չեմ»։
Այնուհետև հայտնվեց մի ժանդարմ, բազմության միջից դուրս, բերեց ինչ-որ քաղաքացու, ձերբակալեց ու տարավ, ասելով․ «Ես ձեզ ցույց կտամ, թե ինչ ասել է ժողովրդին գրգռել։ Ես ցույց կտամ, թե ինչպես «զինվորներից չի կարելի պահանջել, որ հաղթանակ տանեն Ավստրիայի համար, երբ նրանց հետ այդպես են վարվում»»։
Տարաբախտ քաղաքացին այլ արդարացում չգտավ, բացի այն անկեղծ խոստովանությունից, թե ինքը Ստարա Բաշնյայում մսագործ է և բոլորովին «այն չէր ուզում ասել»։
Այդ միջոցին այն բարի պարոնը, որ հավատում էր Շվեյկի անմեղությանը, կայարանի գրասենյակում նրա փոխարեն վճարեց տուգանքը, նրան տարավ երրոդ կարգի բուֆետը, հյուրասիրեց գարեջրով և, պարզելով որ Շվեյկի բոլոր վկայականները և զինվորկան երկաթուղային տոմսը գտնվում են պորուչիկ Լուկաշի մոտ, մեծահոգաբար նրան հինգ կրոն տվեց՝ տոմս գնելու և մնացած ձախքերի համար։
Հրաժեշտ տալիս նա վստահաբար Շվեյկին ասաց.
— Եթե ռուսներին գերի ընկնեք, զինվո՛ր, իմ կողմից բարև կանեք Զդոլբունովի գարեջրագործ Զեմանին։ Ահա ձեզ իմ ազգանունը։ Խելամիտ եղեք և ռազմաճակատում երկար չմնաք։
— Հանգիստ եղեք,— պատասխանեց Շվեյկը,— ամեն մարդ կուզենա ուրիշ երկրներ տեսնել, և այն էլ ձրի։
Շվեյկը մենակ մնաց սեղանի մոտ և սկսեց կամաց-կամաց խմել այն հնգանոցը, որ ստացել էր բարեգործից։
Իսկ այդ ժամանակ կառամատույցում նրանք, որ ներկա չէին եղել Շվեյկի և կայարանապետի խոսակցությանը, այլ միայն հեռվից տեսել էին հավաքված բազմությունը, իրար պատմում էին, թե մի լրտես են բռնել, որը լուսանկարում էր կայարանը։ Սակայն այդ պատմությունը հերքեց մի տիկին, ասելով, թե ոչ մի լրտես չի եղել, այլ պարզապես, ինչպես ինքը լսել է, մի դրագուն կանացի զուգարանի մոտ սրախողխող է արել մի սպայի, որը փորձել էր զոռով զուգարան խցկվել դրագունի սիրուհու հետևից, որը եկել էր իր սիրածին ճանապարհ դնելու։
Պատերազմական ժամանակի ջղագրգռության համար բնորոշ այդ ֆանտաստիկ վարկածներին վերջ դրին ժանդարմները, որոնք կայարանը մաքրեցին կողմնակի անձանցից։
Իսկ Շվեյկը շարունակում էր խմել, խանդաղատանոք մտածելով իր պորուչիկի մասին. «Տեսնես մի բան կանի՞, երբ հասնի Չեխական Բուդեյովիցի և ամբողջ գնացքում իր սպասյակին չգտնի»։
Մարդատար գնացքի ժամանումից առաջ երրորդ կարգի ռեստորանը լցվեց զինվորներով ու քաղաքացիներով։ Մեծամասնություն էին կազմում տարբեր գնդերի, զենքի տարբեր տեսակների և տարբեր ազգությունների պատկանող զինվորները։ Պատերազմի փոթորիկը նրանց բոլորին բերել հասցրել էր Թաբորի լազարեթները, և հիմա նրանք նորից ռազմաճակատ էին գնում։ Գնում էին ձեռք բերելու նոր վերքեր, նոր խեղումներ ու հիվանդություններ, գնում էին, որ Արևելյան Գալիցիայի տրտում տափարակներից մեկում իրենց համար վաստակեն մեկական փայտյա շիրիմախաչ, որի վրա դեռ շատ տարիներ հետո քամու ու անձրևի տակ կթփրտա ավստրիական զինվորի քրքրված գլխարկն իր ժանգոտած կոկարդով։ Երբեմն այդ գլխարկի վրա կթառի մի ծեր ագռավ և կմտաբերի անցած տարիների ճոխ խնջույքները, երբ այստեղ նրա համար բացված սեղանը միշտ ծածկված էր մարդկային համեղ դիակներով և ձիերի լեշերով, կմտաբերի, որ այն գլխարկի տակ, որի նմանակի վրա ինքը թառել է, ամենից համեղը մարդկային աչքերն էին…
Տառապանոք խաչվելու թեկնածուներից մեկը, որին վիրահատությունից հետո լազարեթից դուրս էին գրել, տիղմի և արյան բծերով ծածկված կեղտոտ մունդիրով, նստեց Շվեյկի կողքին։ Նվաղած, խիստ նիհար ու տրտմադեմ մի զինվոր էր դա։ Սեղանի վրա դնելով իր փոքրիկ կապոցը, նա գրպանից հանեց քրքրված քսակն ու սկսեց փողը հաշվել։ Հետո նայեց Շվեյկին ու հարցրեց․
— Magyarul?[2]
— Չեխ եմ, ընկեր,— պատասխանեց Շվեյկը,— խմել չե՞ս ուզում։
― Nem tudom, baratom[3]․
— Հոգ չէ, ընկեր,— համեցեք արեց Շվեյկը, իր գարեջրով լի գավաթը հրելով տրտմադեմ զինվորի կողմը։
Զինվորը հասկացավ, խմեց ու ասաց.
— Köszönöm szivesen[4].
Այնուհետև նա նորից սկսեց աչքի անցկացնել իր քսակի պարունակությունը և ի վերջո հառաչեց։ Շվեյկը հասկացավ, որ մաջարն հաճույքով գարեջուր կպատվիրեր, բայց փողը հերիք չի անում, ուստի ինքը նրա համար մի գավաթ գարեջուր պատվիրեց։ Մաջարը նորից շնորհակալություն հայտնեց և սկսեց ձեռքերի շարժումներով ինչ-որ բան պատմել, ցույց տալով գնդակից վիրավորված իր ձեռքը, և ավելացրեց միջազգային լեզվով.