Выбрать главу

— Պիֆ-պա՛ֆ։

Շվեյկը ցավակցաբար օրորեց գլուխը, իսկ ապաքինվածների անձնախմբին պատկանող այդ տկար զինվորը ձախ ձեռքը պահեց գետնից կես մետր բարձր և, երեք մատը վեր բարձրացնելով, Շվեյկին հայտնեց, թե երեք փոքր երեխա ունի։

— Ninc ամ-ամ, ninc ամ-ամ[5],— շարունակեց նա, ցանկանալով ասել, թե նրանք տանը ուտելու բան չունեն։ Զինվորի աչքերից արցունքներ ցայտեցին, և նա աչքերը սրբեց շինելի կեղտոտ թևքով, որի վրա մի ծակ էր բացել այն գնդակը, որ նրան վիրավորել էր ի փառս հունգարացոց թագավորի։

Բոլորովին զարմանալի չէ, որ այդ զվարճանքի ընթացքում հնգանոցը կամաց-կամաց հալվում էր, և Շվեյկը դանդաղորեն, բայց աներկբա փակում էր իր ճանապարհը դեպի Չեխական Բուդեյովիցի։ Իր լազարեթից դուրս գրված մաջար զինվորի խմած ամեն գավաթից հետո Շվեյկի համար գնացքի տոմս գնելու հնարավորությունը ավելի ու ավելի անհավանական էր դառնում։ Բոլդեյովիցի գնացող մի գնացք էլ անցավ կայարանով, իսկ Շվեյկը, սեղանի մոտ նստած, դեռ լսում էր, թե ինչպես հունգարացին կրկնում էր.

— Պիֆ-պա՛ֆ… Harom gvermek, ninc ham, eljen![6].

Վերջին բառն ասելիս նա բաժակը խփեց Շվեյկի բաժակին․

— Դեհ, խմիր, մաջարի ծնունդ, մի՛ քաշվիր,— ասաց նրան Շվեյկը։— Երևի դուք մեզ այդպես չեք հյուրասիրի։

Հարևան սեղանից մի զինվոր ասաց, թե երբ իրենց 28-րդ գունդը ռազմաճակատ գնալիս հասել էր Սեգեդին, մաջարները ծաղրանքով ձեռքները վեր էին բարձրացնում, ցանկանալով հասկացնել, թե չեխերն անձնատուր են լինում։

Դա զուտ ճշմարտություն էր, սակայն, ըստ երևույթին, զինվորը վիրավորված էր այդ բանից, որը հետո սովորական երևույթ դարձավ չեխ զինվորների մեջ և որն հետագայում անում էին հենց իրենք՝ հունգարացիները, երբ արդեն զզվել էին հունգարիայի թագավորի շահերի համար տեղի ունեցող կոտորածից։

Հետո զինվորը վեր կացավ, նստեց Շվեյկի սեղանի մոտ և սկսեց պատմել, թե ինչպես իրենք Սեգեդինում հունգարացիներին մի լավ քոթակել ու դուրս են նետել մի քանի պանդոկներից։ Ըստ որում խոստովանեց, թե այդ հունգարացիները կռիվ անել կարողանում են և դանակով այնպես էին հարվածել իր մեջքին, որ անհրաժեշտ եղավ իրեն ուղարկել թիկունք՝ բուժվելու։

Հիմա զինվորը վերադառնում էր իր զորամասը, և, հավանաբար, գումարտակի հրամանատարը նրան կբանտարկի այն բանի համար, որ նա դանակի հարվածից հետո չի կարողացել մաջարի հախից գալ և բարձր պահել իր գնդի պատիվը։

— Ihre Dokumenten[7],— դիմեց Շվեյկին պարեկի պետը, մի ֆելդֆեբել, որին ուղեկցում էին չորս սվինավոր զինվորներ։

— Ես տեսնել ցեզ, շարունակ նստել, խմել, չգնալ, միայն խմել, սինվո՛ր։

— Մոտս փաստաթուղթ չկա, ջանիկ,— պատասխանեց Շվեյկը։— Իննսունմեկերորդ գնդի պորուչիկ Լուկաշը հետը տարավ, իսկ ես մնացի այստեղ կայարանում։

― Was ist das Wort «ջանիկ»[8],— գերմաներեն հարցրեց ֆելդֆեբելը իր շքախմբի անդամներից մեկին, մի ծեր աշխարհազորայինի։ Վերջինս, որ, ըստ երևույթին, դիտմամբ իր ֆելդֆեբելին ամեն ինչ սխալ էր բացատրում, հանգիստ պատասխանեց.

― «Ջանիկ»,― das Ist wie «Herr Feldwebel»[9].

Ֆելդֆեբելը նորից սկսեց խոսել Շվեյկի հետ.

— Պաստատուխտ պարտավոր ամեն սինվոր։ Աոանց պաստատուխտ նստեցնել auf Bahnhofs-Militarkommando der lausigen Bursch, wie einen tollen Hund[10].

Շվեյկին տարան կայարանին կից պարեկատունը։ Պահականոցում նա զտավ մի անձնախումբ, որի զինվորները նման էին այն ծեր աշխարհազորայինին, որն իր բնատուր թշնամու՝ պետ-ֆելդֆեբելի համար այնպես վարպետորեն գերմաներենի թարգմանեց «ջանիկ» բառը։

Պահակատունը զարդարված էր վիմատիպ նկարներով, որ զինվորական մինիստրությունը այն ժամանակ ուղարկում էր այն բոլոր հիմնարկություններին, որտեղ զինվորներ էին լինում, ինչպես նաև զորանոցներին ու զինվորական ուսումնարաններին։

Առաջին բանը, որ քաջարի զինվոր Շվեյկի աչքովն ընկավ ներս մտնելիս, մի նկար էր, որն, ըստ նրա տակ դրված մակագրության, ցույց էր տալիս, թե ինչպես նորին մեծության Քսանմեկերորդ հրաձգային գնդի դասակապետ Ֆրանտիշեկ Համմելև և ջոկապետներ Պաուլ Հարտն ու Բախմայերը զինվորներին կոչ են անում դիմանալ։ Մյուս պատին կպցրած էր մի տախտականկար՝ հետևյալ մակագրությամբ. «5-րդ հոնվեդյան հուսարական գնդի ենթասպա Յան Դանկոն հեաախուզում է թշնամու մարտկոցների դասավորությունը»:

Դրա տակ, աջ կողմում, կպցրած էր մի պլակատ՝ «Բացառիկ խիզախության օրինակներ» մակագրությամբ։

Այդ պլակատների համար բացառիկ խիզախության հնարովի օրինակներ պարունակող տեքստեր էին հորինում պատերազմի կանչված գերմանացի ժուռնալիստները։ Այդպիսի պլակատներով պառաված, ցնդած Ավստրիան ցանկանում էր ոգեշնչել իր զինվորներին։ Բայց զինվորները ոչինչ չէին կարդում։ Երբ նրանց համար, բրոշյուրների ձևով, ռազմաճակատ էին ուղարկում խիզախության այդպիսի օրինակներ, նրանք դրանցից այծոտիկներ էին սարքում և կամ գտնում գործածության այնպիսի ձևեր, որոնք ավելի համապատասխան էին այդ «խիզախության օրինակների» ոգուն և գեղարվեստական արժեքին։

Մինչ ֆելդֆեբելը կգնար որևէ սպա գտնելու, Շվեյկը պլակատի վրա կարդաց․

Շարքային գումակավոր Իոսիֆ Բոնգը