Выбрать главу

Նայելով Շվեյկին, պոդպորուչիկը մի րոպե մտածեց, թե ինչ ասի։ Ի վերջո հարցրեց.

— Կայարանում ի՞նչ էիք անում։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, սպասում էի Չեխական Բուդեյովիցիի գնացքին, որպեսզի ընկնեի իմ Իննսունմեկերորդ գունդը, պորուչիկ Լուկաշի մոտ, որի սպասյակն եմ, և որին ստիպված էի լքել, քանի որ ինձ տուգանքի գործով ուղարկեցին կայարանապետի մոտ, որովհետև կասկածում էին, թե ես վթարային արգելակով կանգնեցրել եմ ճեպընթաց գնացքը։

— Գլուխս մի թըլսորեք,— գոռաց պոդպորուչիկը,— խոսեցեք կապակցված ու կարճ և հիմարություն մի դուրս տաք։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, հենց այն իսկ րոպեից սկսած, երբ ես ու պարոն պորուչիկ Լուկաշը նստեցինք ճեպընթաց գնացքը, որը մեզ պետք է ըստ հնարավորին արագ հասցներ մեր Իննսունմեկերորդ հետևակ գունդը, մեր բախտը բերեց. նախ կորավ մեր ճամպրուկը, իսկ հետո, խոսքս չմոռանամ, մի բոլորովին քաչալ պարոն գեներալ մայոր․․․

— Himmelherrgott[13],— թառանչելով հայհոյեց պոդպորուչիկը։

― Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, անհրաժեշտ է, որ սիրտս հին ներքնակի պես կամաց-կամաց դատարկվի, որպեսզի կարողանաք ամբողջ եղելությունը պատկերացնել, ինչպես ասում էր հանգուցյալ կոշկակար Պետրլիկը, երբ իր աշակերտին կաշեփոկով դաղդղելուց առաջ հրամայում էր, որ շալվարն իջեցնի։

Պոդպորուչիկը զայրույթից սկսեց փնչալ, իսկ Շվեյկը շարունակեց․

— Պարոն քաչալ գեներալ-մայորին ես ինչ-որ պատճառով դուր չեկա, դրա համար էլ պարոն պորուչիկ Լուկաշն ինձ վռնդեց միջանցք։ Իսկ հետո միջանցքում ինձ մեղադրեցին այն բանի մեջ, որի մասին ձեզ արդեն զեկուցեցի։ Մինչև գործը կպարզվեր, անտեր-անտիրական մնացի կառամատույցում։ Գնացքը գնաց, պարոն պորուչիկը, ճամպրուկներով ու երկուսիս բոլոր փաստաթղթերով, նույնպես գնաց, իսկ ես մնացի առանց փաստաթղթերի և թափառում էի անապաստանի պես։

Շվեյկն այնպիսի քնքշալի հայացքով նայեց պոդպորուչիկին, որ վերջինս անվերապահորեն հավատաց, թե այն ամենը, որ լսում է ի ծնե տխմարի տպավորություն գործող այդ մարդուց, միանգամայն ճիշտ է։

Այնժամ պորուչիկն սկսեց Շվեյկին թվել այն բոլոր գնացքները, որ ճեպընթացից հետո մեկնել էին Բուդեյովիցի և հարցրեց, թե նա ինչո՛ւ է այդ գնացքները բաց թողել։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ,— պատասխանեց Շվեյկը բարեհոգաբար ժպտալով,— մինչ ես կսպասեի հաջորդ գնացքին, գլխիս մի օյին եկավ, նստեցի գարեջուր խմելու, և գնա՜ց ու գնա՜ց գավաթ գավաթի ետևից, գավաթ գավաթի ետևից…

«Կյանքումս այսպիսի էշ չեմ տեսել,— մտածեց պորուչիկը։— Ամեն ինչ խոստովանում է։ Սրա նման քանի՜սն են ձեռքիս տակով անցել, բայց բոլորն էլ ամեն կերպ ստում էին, չէին խոստովանում, իսկ սա շատ հանգիստ հայտարարում է․ «Գնացքներից ուշացա, որովհետև գարեջուր էի խմում գավաթ գավաթի հետևից»։

Իր բոլոր կարծիքները նա ամփոփեց մի ֆրազի մեջ, որով և դիմեց Շվեյկին.

— Դուք, աղավնյակս, դեգեներատ եք։ Գիտե՞ք «դեգեներատ»-ն ինչ է։

― Մեր քաղաքում, Բոիշտեի և Կատերժինսկա փողոցի անկյունում, համարձակվում եմ զեկուցել, նույնպես մի դեգեներատ էր ապրում։ Հայրը լեհ կոմս էր, իսկ մայրը՝ տատմեր։ Ցերեկը նա փողոցներն էր ավլում, իսկ գինետանը թույլ չէր տալիս իրեն անվանել այլ կերպ, քան միայն կոմս։

Պոդպորուչիկը ավելի լավ համարեց վերջացնել այդ գործը և պարզ ու որոշ ասաց.

― Ահա թե ինչ. դուք դմբո եք, դմբո մինչև ձեր ուղն ու ծուծը։ Անմիջապես գնացեք տոմսարկղ, ձեզ համար տոմս գնեցեք և մեկնեցեք Բուդեյովիցի։ Եթե մեկ էլ ձեզ այստեղ տեսնեմ, կվարվեմ ինչպես դասալիքի հետ են վարվում։ Abtreten![14]

Բայց քանի որ Շվեյկը տեղից չէր շարժվում, շարունակելով ձեռքը հովարին դրած պահել, պոդպորուչիկը բղավեց.

— Marsch hinaus[15], լսեցի՞ք, abtreten. Պալենեկ, այս ապուշին տարեք տոմսարկղ և նրա համար Բուդեյովիցիի տոմս գնեցեք։

Մի րոպե անց ենթասպա Պալենեկը նորից մտավ գրասենյակ։ Բաց դռնից, Պալենեկի ուսի վրայից, նայում էր Շվեյկի բարեհամբույր դեմքը։

— Էլ Ի՞նչ կա։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ,— խորհրրդավոր կերպով շշնջաց ենթասպա Պալենեկը նա ճանապարհի փող չունի, ես էլ չունեմ։ Իսկ ձրի տանել չեն ուզում, որովհետև զինվորական փաստաթուղթ չունի, թե գնում է իր գունդը։

Պոդպորուչիկն իրեն շատ նեղություն չտվեց այդ դժվարին հարցի սողոմոնական լուծման համար։

— Թող ոտքով գնա,— վճռեց նա,— թող ուշանալու համար գնդում նստեցնեն։ Դրա հետ գլուխ դնել պետք չէ։

— Ի՞նչ արած, ախպերս,— ասաց Պալենեկը Շվեյկին, դուրս գալով գրասենյակից։— Ուզես-չուզես, ախպերս, պետք է ոտքով հասնես Բուդեյովիցի։ Մեր պահականոցում մի կտոր բոքոն կա։ Կտանք քեզ ճանապարհի համար։

Կես ժամ հետո, երբ Շվեյկին սև սուրճ էին խմեցրել և ճանապարհի համար, մի կտոր բոքոնից բացի, մեկ ութերորդ ֆունտ թութուն տվել, նա մթին գիշերով դուրս եկավ Թաբորից, երգելով զինվորի մի հին երգ.

Ճամփաներով կեռ ու մեռ

Գնում էինք Յարոմեր։

Սատանան գիտե, թե ինչպես պատահեց, որ քաջարի զինվոր Շվեյկը, փոխանակ դեպի հարավ, դեպի Բուդեյովիցի գնալու, սկսեց քայլել ուղիղ դեպի արևմուտք։