Քայլում էր նա ձյունապատ խճուղիով, խիստ ցրտից շինելի մեջ փաթաթված, ասես Նապոլեոնի այն վերջին գրենադերը, որ վերադառնում էր Մոսկվայի արշավանքից։ Տարբերությունն այն էր միայն, որ Շվեյկն ուրախ երգում էր.
Ես գնում եմ ման գալու
Մեր այն կանաչ պուրակում․․․
Եվ ձյունածածկ մթին անտառներում արձագանքը տարածվում էր հեռու-հեռու, այնպես որ գյուղերում շները սկսում էին հաչել։
Երբ Շվեյկը երգելուց ձանձրացավ, նստեց ճամփեզրյա մի խճակույտի վրա, վառեց ծխամորճը և, հանգստանալուց հետո, շարունակեց ճանապարհը, ընդառաջ գնալով բուդեյովիցյան անաբազիսի իր նոր արկածներին։
Շվեյկի Բուդեյովիցյան անաբազիսը
Հին դարերի զորավար Քսենեֆոնը առանց քարտեզի անցավ ամբողջ Փոքր Ասիան և եղավ աստված գիտե ուրիշ ինչ տեղերում։ Հին գոթերը իրենց արշավանքները կատարում էին նույնպես առանց տեղագիտության։ Անդադրում առաջ ընթանալ, անցնել անծանոթ երկրների միջով, շարունակ շրջապատված լինել թշնամիներով, որոնք հարմար առիթի են սպասում, որ մարդու վիզ ոլորեն, ահա թե ինչ ասել է անաբազիս։ Ով ուսերի վրա գլուխ ուներ,— ինչպես Քսենեֆոնը կամ տարբեր ցեղերի պատկանող այն ավազակները, որ Եվրոպա խուժեցին աստված գիտե որտեղից, Կասպի՞ց թե Ազովի ծովի ափերից,— ով ուսերի վրա գլուխ ուներ, արշավանքների ժամանակ հրաշքներ էր գործում։
Կեսարի հռոմեական լեգեոնները, նույնպես առանց որևէ քարտեզի հասնելով հեռավոր հյուսիս, Գաղիական ծովին, իրենց բախտը մի անգամ էլ փորձելու համար որոշեցին Հռոմ վերադառնալ ուրիշ ճանապարհով։ Եվ բարեհաջող տեղ հասան։ Երևի հենց այդ ժամանակից է գործածական դարձել այն խոսքը, թե բոլոր ճանապարհները տանում են Հռոմ։
Ճիշտ այդպես էլ բոլոր ճանապարհները տանում են Չեխական Բուդեյովիցի, մի բան, որին քաջարի զինվոր Շվեյկը միանգամայն հավատում էր, երբ բուդեյովիցյան վայրերի փոխարեն իր առաջ տեսավ Միլևսկո շրջանի մի գյուղակ։
Իր բռնած ուղղությունը չփոխելով, նա շարունակեց առաջ շարժվել, քանզի ոչ մի Միլևսկո չէր կարող խանգարել, որ քաջարի զինվորը հասներ Բուդեյովիցի։
Եվ այդպիսով, մի որոշ ժամանակ անց Շվեյկը հայտնվեց Կվետովում, Միլևսկոեից արևմուտք։ Նա արդեն ամբողջովին սպառել էր արշավային երգերի իր պաշարը և Կվետովին մոտենալուց առաջ ստիպված էր դրանք կրկնել.
Ամեն անգամ մեր գնալիս
Աղջիկներն են վշտից լալիս․․․
Կվետովից Վրաժ տանող ճանապարհին, որ շարունակ ձգվում է դեպի արևմուտք, Շվեյկին հանդիպեց եկեղեցուց վերադարձող պառավ, որը քրիստոնեաբար ողջունեց նրան.
— Բարաջողում, զինվոր ջան։ Ո՞ւր։
— Մեր գունդը, մայրիկ, Բուդեյովիցի, դեպի այդ պատերազմ ասածը։
— Մեղա՜ քեզ, տեր, ախր սխալ ես գնում, զինվոր ջան,— վախեցավ պառավը։— Էդպես որ գնաս, կյանքումդ տեղ չես հասնի։ Էս ճանապարհը Վրաժի միջով Կլատով է տանում։
— Եմ կարծում եմ, որ եթե մարդ խելք ունենա՝ Կլատովից էլ կհասնի Բուդեյովիցի,— հարգալից պատասխանեց Շվեյկը։— Ճիշտ է, քիչ ճանապարհ չէ, մանավանդ մի մարդու համար, որ ուզում է շուտ հասնել իր գունդը և վախենում է, որ հանկարծ, չնայած ժամանակին տեղ հասնելու իր բոլոր ջանքերին, գլխացավանքի մեջ ընկնի։
— Մեզ մոտ էլ մի էդպիսի անդադրում մարդ կար,— հառաչեց տատիկը։— Տոնիչեկ Մաշեկ էին ասում։ Պետք է Պլզեն գնար, աշխարհազորի։ Եղբորս աղջկան ազգական է գալիս։ Հա՛… Վեր կացավ, ուրեմն, գնաց։ Իսկ մի շաբաթ հետո ժանդարմներն արդեն նրան ման էին գալիս։ Դու մի ասի, չի հասել իր գունդը։ Իսկ մի շաբաթ հետո էլ երևաց մեզ մոտ։ Հասարակ, քաղաքացու շոր էր հագին։ «Արձակուրդ եմ եկել», ասում է։ Գյուղապետը գնաց ժանդարմներին կանչելու, իսկ դրանք տղին էդ արձակուրդից քարշ տվին տարան… Արդեն ֆրոնտից նամակ է գրել, թե վիրավոր է, մի ոտը չկա։
Պառավը կարեկցաբար նայեց Շվեյկին։
— Այ էն մեշում մի քիչ նստիր, զինվոր ջան, գնամ կարտոֆիլի ապուր բերեմ, ուտես տաքանաս։ Մեր խրճիթը էստեղից երևում է, ուղիղ մեշի հետևն է, աջ կողմը։ Ավելի լավ կլինի մեր գեղի միջով չանցնես, մեզ մոտ ժանդարմները շան պես հոտվտում են։ Մեշից ուղիղ գնա Մալչին։ Չիժովո չմտնես, զինվոր ջան, էնտեղի ժանդարմները կաշի քերթող են, դասալիք են ման գալիս։ Անտառով ուղիղ գնա Սեդլեց ու Գորաժդյովիցի։ Էնտեղի ժանդարմը լավն է, ուզածդ մարդուն կթողնի գեղի միջով անցնի։ Թուղթ-մուղթ ունե՞ս։
— Չունեմ, մայրիկ։
— Որ էդպես է, էնտեղ էլ մի գնա։ Ավելի լավ կլինի գնաս Ռադոմիշլ։ Միայն թե, տե՛ս հա, աշխատիր տեղ հասնես իրիկնադեմին, ժանդարմները պանդոկում կլինեն։ Էնտեղ Ֆլորիանի հետևի փողոցում մի տուն կա, ցածի մասը կապույտ ներկած։ Կհարցնես տան տիրոջը՝ Մելիխարկին։ Ախպերս է։ Ինձանից նրան շատ բարով կանես, նա էլ քեզ կասի, թե ոնց գնաս էդ Բուդեյովիցի ասածը։
Շվեյկն անտառակում պառավի ճաշին սպասեց կես ժամից ավելի, իսկ երբ տաքացավ կարտոֆիլի ապուրով, որ պառավը բերել էր բարձի մեջ փաթաթած կճուճով, որպեսզի ճանապարհին չսառչեր, խեղճ կինը իր կապոցից հանեց մի կտոր բոքոն ու ճարպ, խոթեց Շվեյկի գրպանները, խաչակնքեց նրան ու ասաց, թե ինքը Բոլդեյովիցիում երկու թոռ ունի։ Ապա մի անգամ էլ նրան հանգամանորեն բացատրեց, թե նա ո՛ր գյուղերի միջով պիտի անցնի և ո՛ր գյուղերը շրջանցի։ Ի վերջո կոֆտայի գրպանից մի կրոն հանեց ու տվեց Շվեյկին, որպեսզի նա Մալչինում, իր համար ճանապարհի օղի առնի, քանի որ մինչև Ռադոմիշլ բավական ճանապարհ կա։