Выбрать главу

Պառավի խորհրդի համաձայն, Շվեյկը, Չիժովա չմտնելով, դիմեց դեպի Ռադոմիշլ, դեպի արևելք, մտածելով, որ աշխարհի ամեն մի կողմից կարող է Բոլդեյովիցի հասնել։

Մալչինից Շվեյկին ուղեկցում էր մի ծեր հարմոնահար, որին նա գտել էր պանդոկում, երբ Ռադոմիշլի երկար ճանապարհի համար օղի էր գնում։

Հարմոնիստը Շվեյկին դասալիքի տեղ էր դրել և նրան խորհուրդ էր տալիս իր հետ գնալ Գորաժդյովիցի, քանի որ այնտեղ,— ասում էր նա,— ապրում է իր աղջիկը, որի ամուսինն էլ դասալիք է։ Երևում էր, որ հարմոնահարը Մալչինում չափից ավելի էր կոնծել։

— Արդեն երկու ամիս է մարդուն թաքցնում է ախոռում, քեզ էլ կթաքցնի,— համոզում էր նա Շվեյկին։— Ձեզ համար կնստեք այնտեղ մինչև պատերազմի վերջը։ Երկուսով որ լինեք, չեք ձանձրանա։

Բայց երբ Շվեյկը քաղաքավարի մերժեց այդ առաջարկը, հարմոնահարը սաստիկ զայրացավ, ճանապարհը թեքեց դեպի ձախ, դեպի դաշտերը, Շվեյկին սպառնալով, թե գնում է նրան մատնելու ժանդարմներին։

Իրիկնադեմին Շվեյկը հասավ Ռադոմիշլ և Ֆլորիանի հետևի Դոլեյշի փողոցում գտավ տնատեր Մելիխարկին, որի վրա ոչ մի ներգործություն չունեցավ այն բարևը, որ նա բերել էր Վրաժում ապրող նրա քրոջից։ Մելիխարկը շարունակ պահանջում էր, որ Շվեյկը ներկայացնի իր փաստաթղթերը։ Դա մի ակնհայտորեն կանխակարծ մարդ էր։ Մի գլուխ խոսում էր ինչ-որ ավազակների, թափառաշրջիկների ու գողերի մասին, որ վխտում են ամբողջ Պիսեկի շրջանում։

— Փախչում են զինվորական ծառայությունից։ Կռվել չեն ուզում, դրա համար էլ թափառում են ամբողջ շրջանում և ինչ տեսնում թռցնում են,— արտահայտիչ տոնով ասում էր նա, նայելով Շվեյկի աչքերին։— Իսկ նրանցից ամեն մեկն այնպես անմեղ է ձևանում, որ կարծես մինչև հինգն էլ հաշվել չգիտի… Դե, իհարկե, ճիշտ խոսքը դուր չի գա,— ավելացրեց նա, տեսնելով որ Շվեյկը նստած տեղից վեր է կենում։— Մարդու խիղճը որ մաքուր լինի, տեղում նստած կմնա ու իր փաստաթղթերը ցույց կտա։ Իսկ եթե խիղճը մաքուր չի…

— Մնաք բարով, պապիկ…

— Գնաք բարով։ Գնացեք հիմար մարդ գտեք․․․

Երբ Շվեյկը մութն ընկնելիս դուրս եկավ, պապիկը դեռ շարունակում էր մրթմրթալ.

— Իբր թե գնում է Բուդեյովիցի, իր գունդը։ Իբր թե Թաբորից է գալիս։ Իսկ, արի ու տես, խաբեբան նախ գնում է Գորաժդյովիցի և հետո միայն Պիսեկ։ Դա հո շուրջերկրյա ճանապարհորդություն է։

Շվեյկը նորից քայլեց ամբողջ գիշերն անընդհատ, մինչև որ Պուտիմի մոտ դաշտում մի ծղոտի դեզ գտավ։ Նա ծղոտը բացեց-փռեց իր համար և հանկարծ կողքին մի ձայն լսեց.

— Ո՞ր գնդից ես, ո՞ւր ես գնում։

— Իննսունմեկերորդ։ Գնում եմ Բոլդեյովիցի։

— Իսկ ի՞նչ ունես այնտեղ։

— Օբեր-լեյտենանտս այնտեղ է։

Ծիծաղ պոռթկաց։ Բայց ծիծաղում էր ոչ թե մեկ, այլ մեկեն երեք մարդ։

Երբ ծիծաղը լռեց, Շվեյկը նրանց հարցրեց, թե որ գնդից են։ Պարզվեց, որ երկուսը Երեսունհինգերորդ գնդից էին, իսկ երրորդը հրետանավոր էր, նույնպես Բուդեյովիցից։ Երեսունհինգերորդ գնդի տղաները երթային գումարտակից փախել էին նախքան ռազմաճակատ ուղարկվելը, սրանից մոտ մեկ ամիս առաջ, իսկ հրետանավորը փախստական էր հենց զորակոչի սկզբից։ Նա Պուտիմի շրջանի գյուղացի էր և դեզը նրան էր պատկանում։ Նա միշտ այդտեղ էր գիշերում, իսկ երեկ անտառում պատահել էր այն երկուսին ու բերել իր մոտ։

Երեքն էլ հուսով էին, թե պատերազմը երկու-երեք ամսից կվերջանա։ Հավատացած էին, թե ռուսներն արդեն Բուդապեշտն անցել են ու Մորավիան գրավել։ Պուտիմում բոլորն այդ մասին են խոսում։ Վաղը լուսաբացից առաջ հրետանավորի մայրն ուտելու բան կբերի, իսկ հետո Երեսունհինգերորդի տղաները ճանապարհ կընկնեն դեպի Ստրակոնիցի։ Նրանցից մեկն այնտեղ հորաքույր ունի, իսկ հորաքույրը Սուշիցայից դենը գտնվող լեռներում մի ծանոթ ունի, այդ ծանոթն էլ սղոցարան ունի, որտեղ կարելի է թաքնվել։

— Հեյ, դո՛ւ, Իննսունմեկերորդցի, եթե ուզում ես, դու էլ արի մեզ հետ,— առաջարկեցին նրանք Շվեյկին։— Թքիր քո այդ օբեր-լեյտենանտի վրա։

― Չէ՛, դա այնքան էլ հեշտ բան չի,— պատասխանեց Շվեյկը և ավելի խորը թաղվեց ծղոտի մեջ։

Երբ նա առավոտյան արթնացավ, շուրջը ոչ ոք չկար։ Փախստական զինվորներից մեկը, հավանաբար հրետանավորը, Շվեյկի ոտքերի մոտ մի մեծ կտոր բոքոն էր դրել ճանապարհի համար։

Շվեյկն սկսեց առաջանալ անտառների միջով։ Շտեկնի մոտ նա հանդիպեց մի ծեր շրջմոլիկի, որը վաղեմի ընկերոջ պես նրան ողջունեց մի կում օղի առաջարկելով։

— Այս հագուստով ման մի գա։ Վայ թե քո այդ համազգեստը գլխիդ վարձանք բերի,— խրատում էր շրջմոլիկը Շվեյկին։— Հիմա ամեն տեղ ժանդարմներ են վխտում, և այդ տեսքով դուրս պրծնել չի լինի։ Հիմա ժանդարմները մեզ չեն որսում, հիմա ձեզպեսների հետևից են ընկել, միայն դասալիք են փնտրում։ Միայն ձեզ են փնտրում,— կրկնեց նա այնպիսի համոզմունքով, որ Շվեյկն ավելի լավ համարեց Իննսունմեկերորդ գնդի մասին ոչ մի խոսք չասել։ Թող շրջմոլիկը նրան ինչ ուզում է համարի։ Ինչո՞ւ խորտակել այդ լավ ծերուկի պատրանքը։

— Հիմա ո՞ւր ես քեզ գցելու,— հարցրեց շրջմոլիկը մի րոպե հետո, երբ երկուսն էլ վառեցին իրենց ծխամորճերը և առանց շտապելու սկսեցին շրջանցել գյուղը։