— Բուդեյովիցի։
— Մեղա՜ քեզ,— վախեցավ մուրացկանը։— Ախր այնտեղ քեզ րոպեապես կճանկեն։ Չես հասցնի շունչ էլ քաշել։ Քեզ քաղաքացու շոր է հարկավոր, այն էլ պատառոտված։ Ստիպված պիտի լինես կաղալ… Բայց, դե՛հ, մի վախենա. կանցնենք Ստրակոնիցիի, Վոլինի ու Դուբի միջով, և սատանան էլ չի կարող խանգարել, որ մենք մի շոր ձեռք գցենք։ Ստրակոնիցիում դեռևս ազնիվ սարսաղներ կան, որոնք երբեմն գիշերը դռները չեն կողպում, իսկ ցերեկն այնտեղ առհասարակ ոչ ոք դուռ չի կողպում։ Մեկն ու մեկը կգնա հարևանի հետ զրից անելու, և ահա քեզ քաղաքացու հագուստ։ Իսկ քեզ շա՞տ բան է պետք։ Սապոգներ ունես… մենակ թե վրայից հագնելու մի բան լինի։ Շինելդ հի՞ն է։
— Հին է։
— Լավ, դա կարելի է թողնել։ Գյուղերում շինել են հագնում։ Հետո շալվար ու պինջակ էլ է հարկավոր։ Երբ քաղաքացու հագուստ ճարենք, շալվարդ ու գիմնաստյորկադ կարելի կլինի ծախել Վոդնյանում ապրող հրեա Հերմանին։ Նա պետական իրեր է առնում, իսկ հետո գյուղերում ծախում… Այսօր կգնանք Ստրակոնիցի։ Այստեղից մինչև Շվարցենբերգի շնանոցը չորս ժամվա ճանապարհ է,— զարգացնում էր նա իր պլանը։— Այնտեղ ես մի ծանոթ հովիվ ունեմ, ծերունի մարդ է։ Գիշերը կքնենք նրա մոտ, իսկ առավոտյան կշարժվենք դեպի Ստրակոնիցի ու այնտեղ մի տեղից մի հագուստ կթռցնենք։
Շնանոցում Շվեյկը ծանոթացավ մի համակրելի ծերուկի հետ, որը դեռ հիշում էր իր պապի պատմածները ֆրանսիացիների արշավանքների մասին։ Հովիվը ծեր շրջմոլիկից մի քսան տարավ մեծ էր, դրա համար էլ նրան, ինչպես և Շվեյկին, անվանում էր «տղաս»։
— Ուրեմն այդպես, տղաներ,— սկսեց պատմել պապը, երբ բոլորը նստեցին փեչի շուրջը, որի մեջ կլեպով կարտոֆիլ էր եփվում։— Այն ժամանակ պապս էլ, ոնց որ էս զինվորը, դասալիք էր։ Բայց Վոդնյանում նրան բռնել էին ու էնպես թակել, որ քամակը պատառ-պատառ էր եղել։ Դեռ նրա բախտը բանել էր։ Իսկ, ա՛յ, Յարեշի տղին, էն ծերունի Յարեշի պապին, որ Ռաժիցիի ձկնաբուծարանում պահակ է, Պիսեկում գնդակահարել են փախչելու համար, իսկ գնդակահարելուց առաջ քշել էին շարքերի միջով ու դագանակներով վեցհարյուր հարված հասցրել, այնպես որ մահը նրա համար իսկական փրկություն է եղել։ Իսկ դու ե՞րբ ես ճղել,— դիմեց նա Շվեյկին՝ արցունքն աչքերին։
— Զորակոչից հետո, երբ մեզ տանում էին զորանոցները,— պատասխանեց Շվեյկը, հասկանալով, որ չի կարելի ծերունի հովվի առաջ մունդիրի պատիվը գետնով տալ։
— Պատի վրայով փախա՞ր, թե ոնց,— հետաքրքրվեց հովիվը, հավանաբար հիշելով իր պապի պատմությունը, թե նա ինչպես է փախել զորանոցի պատի վրայով։
— Ուրիշ կերպ չէր լինի, պապիկ։
— Իսկ պահակներ շա՞տ կային, վայ թե կրակեցին էլ։
— Կրակեցին, պապիկ։
— Իսկ հիմա ո՞ւր ես գնում։
— Խելքը թռցրել է, որոշել է Բուդեյովիցի գնալ, և վե՛րջ,— Շվեյկի փոխարեն պատասխանեց շրջմոլիկը։— Դեհ, ջահել է, անխելք, զոռով իրեն փորձանքի մեջ է գցում։ Պետք է դրան խելք սովորեցնեմ։ Մի տեղից շորումոր կթռցնենք, իսկ հետո ամեն ինչ լավ կլինի։ Մինչև գարուն մի կերպ գլուխ կպահենք, իսկ գարնանը վարձով կաշխատենք գյուղացիների մոտ։ Այս տարի մարդու կարիք շատ է լինելու։ Սով է։ Ասում են, բոլոր թափառաշրջիկներին, պիտի քշեն դաշտային աշխատանքի։ Կարծում եմ, ավելի լավ է մարդ իր հոժար կամքով գնա։ Ասում են, մարդու պակաս կլինի։ Բոլորին կկոտորեն։
— Կարծում ես այս տարի չի՞ վերջանա,— հարցրեց հովիվը։— Դու, տղաս, ճիշտ ես ասում, երկարատև պատերազմներ եղել են։ Օրինակի համար, Նապոլեոնի պատերազմը, հետո, ինչպես մեզ պատմել են, շվեդական պատերազմները, յոթնամյա պատերազմները։ Մարդիկ իրենք են իրենց գլխին բերել այդ պատերազմները։ Եվ տե՛ղն է։ Աստված էլ չի կարողանում տեսնել, թե մարդիկ ոնց են գոռոզացել։ Արդեն ոչխարի մսին հավան չեն, էլ չեն ուզում ոչխարի միս ուտել։ Առաջ խումբ-խումբ գալիս էին մոտս, որ ես թաքուն մի գառ ծախեմ իրենց, իսկ էս վերջին տարիները նրանց սիրտը մենակ խոզի ու թռչունի միս է ուզում, էն էլ անպայման յուղով ու ճարպով տապակած։ Աստված էլ ահա բարկացավ նրանց էդ անսահման գոռոզության վրա։ Իսկ երբ նորից խաշած թելուկ ուտեն, ոնց որ Նապոլեոնի կռվի օրերին, էն ժամանակ խելքի կգան։ Իսկ մեր աղաները ճարպից կատաղել են։ Ծերունի իշխան Շվարցենբերգը շարաբանից բացի ուրիշ բանով ման չէր գալիս, իսկ նրա տղեն, էդ փսլնքոտը, չորս կողմն ապականել է իր ավտոմոբիլի զզվելի հոտով։ Դեռ սպասիր, աստված մռութդ էնպե՜ս լղոզի բենզինով։
Կարտոֆիլի կճուճի մեջ շուրը քլթլթում էր։ Ծերունի հովիվը փոքր-ինչ լռելուց հետո, մարգարեաբար բարբառեց.
— Մեր թագավոր կայսրը էս պատերազմը չի շահի։ Ժողովուրդը էլ ի՞նչ ռազմական ոգի կունենա, երբ թագավորը թագադրված չի, ինչպես ասում է Ստրակոնիցի գյուղի ուսուցիչը։ Հիմա թող ում աչքին ուզում է թոզ փչի։ Քանի որ դու, քավթառ սրիկա, խոստացել ես թագադրվել, ուրեմն խոսքդ կատարիր։
― Մի գուցե հիմա մի կերպ այդ բանը կանի,— մեջ մտավ շրջմոլիկը։
— Հիմա, տղաս, բոլորն էլ թքել են դրա վրա, — տաքացավ հովիվը,— դու գյուղացիներին լսիր, երբ հավաքվում են ներքևում, Սկոչիցիում։ Ամեն մեկը պատերազմում մարդ ունի։ Մի լսեիր, ինչպես են խոսում։ Պատերազմից հետո, ասում են, ազատություն կլինի, ո՛չ կայսերական արքունիքներ կլինեն, ոչ կայսրեր, և իշխաններից նրանց կալվածքները կխլեն։ Այդպիսի ճառերի համար ժանդարմները Կորժինկա անունով մեկին արդեն ծակն են խոթել. մարդկանց մի գրգռի, ասում են։ Էհ, ի՞նչ ասեմ։ Հիմա ժանդարմներն ինչ ուզում անում են։