Выбрать главу

— Ասենք, առաջ էլ այդպես էր,— ասաց շրջմոլիկը։— Հիշում եմ Կլադնոյում Ռոտտեր անունով մի ժանդարմական ռոտմիստր կար։ Սիրտը ուզեց, ինչպե՞ս են դրանց ասում, գայլի ցեղի ոստիկանական շներ բազմացնել, որոնք կարող են ամեն ինչի հետքը գտնել, եթե լավ վարժեցնես։ Եվ Կլադնոյի ռոտմիստրի այդ շուն-սաներին թիվ ու համար չկար։ Նրանց համար նա մի հատուկ տնակ ուներ, որտեղ նրանք ապրում էին կոմսերի զավակների պես։ Մի օր ռոտմիստրի խելքին փչեց նրանց ուսուցանել պանդուխտներիս կաշվի վրա։ Եվ ահա հրաման արձակեց, որ ժանդարմները ամբողջ Կլադնոյի շրջանի պանդուխտներին քշեն ու բերեն իր մոտ։ Այդ բանն իմանալուն պես ես Լանից պուկ տվի, ինձ գցեցի անտառի խորքը, բայց ի՜նչ… դեռ ուզածս տեղը չհասած ինձ չանթեցին ու տարան պարոն ռոտմիստրի մոտ։ Սիրելիներս, չեք կարող պատկերացնել, թե ինչ քաշեցի այդ շների երեսից։ Նախ թողին, որ նրանք ինձ հոտոտեն, հետո ինձ հրամայեցին մի սանդղիկով վեր բարձրանալ և, երբ համարյա սանդղիկի գլուխն էի հասել, հետևիցս մի գազան շուն բաց թողին, իսկ այդ անզգամն ինձ այնտեղից գետին գլորեց, հետո բարձրացավ վրաս և ուղղակի քթիս տակ սկսեց գռմռալ ու ատամները կրճտացնել։ Այնուհետև այդ ճիվաղին մի կողմ քաշեցին, իսկ ինձ ասացին, որ գնամ ու թաքնվեմ ուր որ ուզենամ։ Գնացի Կաչակա կոչված հովտի կողմը, մտա անտառն ու թաքնվեցի մի խանդակում։ Կես ժամ էլ չանցած երկու գամփռներ վազեվազ եկան ու ինձ գետին գլորեցին, և մինչ նրանցից մեկը բռնել էր կոկորդս, մյուսը վազեց Կլադնո։ Մի ժամ հետո եկավ ինքը պան ռոտմիստրն իր ժանդարմների հետ, շանը մի կողմ կանչեց, իսկ ինձ մի հնգանոց բաշխեց և թույլ տվեց ամբողջ երկու օր Կլանդոյի շրջանում ողորմություն հավաքել։ Ինչպե՜ս չէ։ Այնպես ծլկեցի Բերոունկովի շրջան, որ ասես ոտքերիս տակ հողն այրվում էր, ու էլ ոտք չդրի Կլադնո։ Մեր բոլոր տղերքը այդ տեղերից խույս էին տալիս, որովհետև ռոտմիստրը բոլորի վրա էլ կատարում էր իր փորձերը… Չտեսնված շատ էր սիրում նա այդ շներին։ Ժանդարմական բաժանմունքներում պատմում էին, թե երբ ռոտմիստրը ռևիզիա կատարելիս հանկարծ որևէ տեղ մի գամփռ է տեսնում՝ էլ ստուգում չի կատարում և ուրախությունից ամբողջ օրը վախմիստրի հետ օղի է կոնծում։

Եվ մինչ հովիվը կթափեր կարտոֆիլի ջուրը և ընդհանուր քրեղանի մեջ ոչխարի մածուն կլցներ, շրջմոլիկը շարունակում էր պատմել իր հիշողություննեը, թե ժանդարմներն ինչպես էին իշխանություն բանացնում։

— Լիպնիցում ժանդարմական վախմիստրը ապրում էր ուղղակի բանտի մոտ, հենց ժանդարմական բաժանմունքում։ Իսկ ես, ծեր հիմարս, կարծում էի, թե ժանդարմական բաժանմունքը միշտ էլ աչքի ընկնող տեղում պիտի լինի, հրապարակում կամ այդպիսի մի տեղ, և ոչ թե խուլ նրբանցքում։ Մարդ հո ցուցանակներին չի նայում, անցնում է տնից տուն և այդպես առաջ գնում։ Վերջապես, այդ տներից մեկի երկրորդ հարկում բացում եմ մի դուռ ու ներկայանում. «Ի սեր Քրիստոսի ողորմություն արեք աղքատ պանդուխտիս․․․»։ Բայց ի՜նչ։ Ոտքերս թուլացան։ Նայեմ-տեսնեմ ժանդարմական բաժանմունք է։ Պատի երկայնքով շարված հրացաններ, սեղանի վրա խաչելություն, պահարանի մեջ մատյաններ, սեղանի վերևից թագավոր կայսրը աչքերը տնկել է վրաս։ Դեռ բերանս չբացած, վախմիստրը տեղից վեր թռավ, մոտեցավ ինձ և տուր թե կտաս մռութիս։ Ցած գլորվեցի սանդուղքի բոլոր աստիճաններով և այդպես էլ կանգ չառա մինչև Կեյժլից։ Ահա թե, ախպերս, ինչպիսի իրավունքներ ունեն ժանդարմները։

Բոլորն սկսեցին ուտել և քիչ հետո տաքուկ խրճիթում պառկեցին նստարանների վրա ու քնեցին։

Կես գիշերին Շվեյկը վեր կացավ, սուսուփուս հագնվեց և դուրս եկավ։ Արևելքում ծագում էր լուսինը, և նրա աղոտ լույսով Շվեյկը քայլերն ուղղեց դեպի արևելք, ինքն իրեն կրկնելով. «Անկարելի բան է, որ ես Բուդեյովիցի չհասնեմ»։

Անտառից դուրս գալիս Շվեյկն իր աջ կողմում մի քաղաք տեսավ և այդ պատճառով ճանապարհը թեքեց դեպի հյուսիս, հետս նորից դեպի հարավ և դարձյալ մոտեցավ ինչ-որ քաղաքի։ Վոդյանին էր դա։ Շվեյկը մարգագետինների միջով ճարպկորեն շրջանցեց այդ քաղաքը, և արեգակի առաջին ճառագայթները նրան ողջունեցին Պրոտիվինի մոտ բարձրացող, լեռների ձյունապատ լանջերին։

— Հառա՛ջ,— ինքն իրեն հրամայեց քաջարի զինվոր Շվեյկը։— Պարտքս կանչում է ինձ։ Ես պետք է հասնեմ Բուդեյովիցի։

Բայց պատահմունքի դժբախտ բերումով, Շվեյկի քայլերը փոխանակ Պրոտիվինից դեպի հարավ՝ Բուդեյովիցի ուղղվելու, ուղղվեցին դեպի հյուսիս, դեպի Պիսեկ։

Կեսօրին մոտ նրա առաջ մի գյուղակ երևաց։ Բլուրից իջնելով, Շվեյկը մտածում էր. «Այսպես գործը առաջ չի գնա։ Եկ հարցնեմ, թե ինչպես պետք է գնալ Բուդեյովիցի»։

Մտնելով գյուղ, Շվեյկը շատ զարմացավ, երբ առաջին խրճիթի մոտ տնկված սյան վրա կարդաց. «Գյուղ Պուտիմ»։

— Ա՜յ քեզ բան,— հառաչեց Շվեյկը,— նորից ընկա Պուտիմ, որտեղ քնել եմ դեզի մեջ։

Դրանից հետո նա այլևս չզարմացավ, երբ լճակի հետևում գտնվող սպիտակ ներկած մի տնակից, որի վրա աչքի էր ընկնում «հավը» (որոշ տեղերում այդպես էին անվանում պետական արծիվը), իր ոստայնը ստուգող սարդի պես դուրս եկավ մի ժանդարմ։