Выбрать главу

Egretta Garzetta

Միկան

_Տանը կա՞ մեկը։

_Չի՛ կարող պատահել։

_Սու՜ս։ Լսեցի՞ր։

_Ըհը՛…

Միկան և Գոռը պահվեցին, մեկը՝ դռան հետևը, մյուսը՝ պահարանի։ Բայց թփրտունը շատ մոտ էր։ Կարծես մեկը թավալվում էր հատակի վրա։ Մի քանի վայրկյան անշշուկ մնացին։ Համր խրխռոցը չդադարեց։ Վերջապես Միկան չհամբերեց, դուրս եկավ թաքստոցից միացրեց ջահը։ Աչքերի առաջ բացված տեսարանը զարմացրեց երկուսին էլ։ Մի օրիորդ թավալվում էր ընկած հատակին․ աչքերը փակ, արյան լճի մեջ։ Գոռը մոտեցավ ոտքով հրեց։

_Կարծես կենդանի է։

_Ի՞նչ արիր,_գոռաց Միկան։

_Բա ի՞նչ անեի,_հարցին հարցով պատասխանեց ընկերը։

Օրիորդը փռվել էր հատակին։ Ծոծրակը արյունոտ։ Ալբոմը ընկած կողքը, նկարներն էլ շուրջը թափված։

_Գո՛ռ, մե՜ղք է,_Միկան կռացավ օրիորդի ձեռքը բռնեց,_պուլս կա… Զանգի՛ր շտապ օգնություն։

_Երբե՛ք… գժվե՜լ ես…

_Բա ի՞նչ անենք։

Շվարած մնացին։ Օրիորդը հազիվ էր շնչում։ Միկան գրկեց օրիորդին։

_Ի՞նչ ես անում։

_Դնեմ բազմոցին։ Գնա՛ ջուր բե՛ր։

_Թող դրան, փախա՛նք այստեղից։

_Գո՜ռ, կմեռնի… նայի՛ր, երեխա է դեռ… գուցե և գող եմ, բայց մարդասպա՛ն չե՛մ։

Բայց ընկերը խղճի խայթի զգացում չուներ։ Ուստի չնայեց աղջկան ու ավելի մեծ ուշադրությամբ նայեց շուրջը։ Մինչ հանցակիցը սրբիչը թրջած աղջկա վերքն էր մաքրում արյունից, ինքը լցնում էր գրպանները։

_Բաց թող դրան։ Նայի՛ր ինչքա՜ն բան կա,_սենյակերից մեկից վերադարձավ զարդամանով։

_Գո՜ռ, արյունը չի կանգնում։ Արյունաքամ կլինի։ Դու մոտդ հեռախոս ունես։ Զանգի՛ր շտապ օգնություն։

_Քեզ ասում եմ թո՛ղ դրան, ու անցի՛ գործի։ Մեզ ի՞նչ․․․ մենք ուրիշ գործով ենք այստեղ․․․

_Ա՜խ, գլուխս,_հազիվ շրթունքները շարժեց օրիորդը։

_Ուշքի է գալիս,_վախվորած ասաց Գոռը,_փախա՛նք… պակաս է դեմքերս տեսնի… շտապի՛ր Միքայե՛լ․․․

Տագնապով քաշեց ընկերոջ թևը։

_Ցավու՜մ է,_շշնջաց աղջիկը ավելի հստակ ձայնով։ Ձեռքը տարավ դեպի ծոծրակը։

Միկան տարակուսած նայեց նրան, ապա ընկերոջը։

_Գնացի՛նք,_բղավեց հանցակիցը ու վազեց դեպի դուրս։

Ի՞նչ անել։ Զանգել թե ո՞չ։

Հաջորդ օրը, օրիորդը սկզբում լսեց ինչ-որ տեխնիկայի տկտկուն, երբ բացեց աչքերը տեսավ հիվանդանոցի սպիտակ պատերը։

_Բալե՛ս, ինչպե՞ս ես։

Մայրն էր։

_Մա՜մ, ի՞նչ է պատահել։ Ինչու՞ եմ այստեղ։

_Դա կարևոր չի՛։ Գլխավորը դու լավ լինես։

_Մա՞մ․․․

_Դու ոչինչ չե՞ս հիշում։

Դուստրը բացասական պատասխան տվեց։

_Ոչի՛նչ չե՞ս հիշում։

_Ո՛չ, մա՛մ… գլուխս ասես թմրել է։

_Դե՜, ուրեմն հետո՛ կխոսենք։ Հիմա քեզ հանգիստ է պե՛տք։

Մայրն մոտեցավ ու համբուրեց դստեր այտը։ Աղջիկը նոր տեսավ մոր արցունքներից ուռած աչքերը։

_Մա՛մ, ես լա՛վ եմ։ Կպատմես ի՞նչ է պատահել։

Մայրը ժպտաց ու շոյեց նրա երեսը։ Միայն մի քանի օր անց դստեր հիշողությունը սկսեց վերականգնել կատարվածը։ Մոր կցկտուր պատասխաններից Նինան հասկացավ, որ իրենց կողոպտել են, իսկ ինքը անհարմար պահ է մտել մեջ, խանգարել։ Ինչքա՜ն էլ աշխատում էր մանրամասնորեն վերականգնել իրադարձությունները, չէ՛ր ստացվում։ Մշուշոտ ու աղավաղված պատկերներ էին ներկայանում նրա առաջ։

_Գողը՛ փրկե՛ց քեզ։ Խիղճը չէ՛ր մեռել նրա մեջ։ Կամ վախեցա՞վ… կամ չգիտե՛մ էլ ինչպե՞ս բացատրեմ…,_անկեղծացավ իրենց փաստաբանը, երբ նրանք գնացին ոստիկանություն։

Տեսավ հանցագործներին միայն դատի ժամանակ։ Ավելի ճիշտ առաջի՛ն դատի։ Տեսախցիկների շնորհիվ պարզվեց, որ այն գիշեր իրենց տուն երկու խումբ գող են մտել։ Երկուսն էլ իրարից անտեղյա՛կ․․․ ինչպես նաև անտեղյակ նրանից, որ Նինան ծնողների հետ թատրոն չի գնացել։ Որոշել է հանդիպել դասարանի աղջիկներին․ շուտով դպրոցը ավարտելու հնգամյակն էր, նկարների համար վերադարձավ։ Երկրորդ դատին տեսավ իրեն փրկողին։ Չճանաչե՛ց։ Միայն երբ լսեց ձայնը, հիշողությունը ավտոմատ մեքենայի նման ամեն ինչ դրեց իր տեղը։ «ի՞նչ անենք… կանչի՛ր շտապ օգնություն… արյունաքամ է լինում… քեզ ասում եմ, կանչի՛ր շտապ օգնություն»։ Երբ եկավ իր հերթը ու կանչեցին, տեսավ ի՜նչ աչքերով նայեց իրեն երիտասարդը։ Բայց չհասկացավ, թե ի՞նչ էր նշանակում այդ հայացքը։ Գուցե փոշմանեց, որ կենդանի թողեց․․․ չնայած ինքը չէր հարվածել։ Իր կյանքի փրկությունը դարձավ նրա դատավճիռը։ Դատից տուն գնալիս զգաց, որ նա իրեն ուզում էր ինչ-որ բան ասել։ Բայց վախենում էր նույնիսկ նայել այդ մազակալած դեմքով ու սառը հայացքով երիտասարդին։ «Միկա՛… Միկա՜, է անունը»։

Նինայի ծնողները երկար ժամանակ խուսափում էին բացեիբաց դստեր տարօրինակ պահվածքի մասին խոսակցությունից։ Սակայն քանի գնում ավելի հաճախակի էր դառնում Նինայի անառողջ հետաքրքրությունը Միկայի հանդեպ։ Ի վերջո մայրը չհամբերեց․

–Աղջի՜կս, բավակա՛ն է։ Նա քո հորինած Շիրվանզադեի Միքայելը չի՛։ Նա գո՛ղ է․․․ հասարակ խաբեբա ու գո՛ղ․․․ դու նրան հերոսացրել ասպե՛տ ես դարձրել․․․

–Մայրի՛կ, դու նրան չգիտե՛ս,-արտասուքից դողացին Նինայի շրթունքները։

–Կարծես դու՛ գիտե՜ս,-բղավեց հայրը,-հիմա՛ր աղջիկ․․․

Նինան չկարողացավ ոչինչ ասել։ Միայն բռնեց գլուխը ու ետ-ետ գնաց հենվեց պատին։

–Բավակա՛ն է․․․ ես արդեն հոգնել քո ձևականություններից․․․ արդեն սովորել ես, որ ամեն քմահաճությունդ կատարում ենք։ Հոգնել եմ քո սխա՛լ պահվածքից․․․ սխա՛լ քայլերից․․․