Выбрать главу

Ներկա աշխատության էջերում քննության առարկա են դարձել Սյունիքի ֆեոդալական տների, թագավորության ժամանակաշրջանի քաղաքական անցքերի, հայ և վրաց ժողովուրդների համատեղ պայքարի, ապա նաև Օրբելյանների իշխանապետության հաստատման և կործանման պրոբլեմային հարցերը։ Սյունիքի քաղաքական անկումը տեղի ունեցավ սելջուկ-թուրքերի, թաթար-մոնղոլների և արեվելյան ռազմատենչ ցեղերի ու ցեղախմբերի ասպատակությունների պատճառով:

Մատենագրական աղբյուրները և հատկապես վիմական արձանագրությունները վկայում են, որ 12 — 13-րդ դարերում ֆեոդալական հարաբերությունները առավել խորացան այստեղ՝ Սյունիքում, ուր քաղաքական հանգամանքների բերումով կենտրոնացվել էին Պատմական Հայաստանի հին ու նոր ազնվական տների ներկայացուցիչներից շատերը Զաքարյանների ընդհանուր ղեկավարությամբ (Խաղբակյաններ, Օրբելյաններ, Ախթամարյաններ, Մեհևանյաններ և այլք): Ներավատական մրցակցությամբ ստեղծված իրավիճակը բարեբերող հանդիսացավ աոաջին հերթին հոգևոր նվիրապետության համար, ընդարձակ կալվածների ու շահութաբեր հաստատությունների տեր դարձան նահանգի եպիսկոպոսական աթոռը, վանական միաբանություններն ու եկեղեցիները (Տաթև, Վահանավանք, Նորավանք, Ցաղաց քար, Թանահատ և այլն), որոնց վստահված էր երկրի նաև գիտության ու դպրության կազմակերպման կարևոր բնագավառը։ Անկախ երկրի քաղաքական մասնատվածությունից, հայ եկեղեցին իր մենաշնորհային իշխանությունն էր իրականացնում ժողովրդից գանձվող հարկերի ու տուրքերի մի մասի նկատմամբ ձգտելով կիրառել ռենտայի երեք հայտնի ձևերն ու եղանակները։

Սկզբնաղբյուրներում եղած մասնակի հիշատակությունների հիման վրա հնարավոր է ենթադրել, որ Սյունիքում նույպես գոյություն է ունեցել ճորտատիրություն, սակայն այն չի ունեցել դասական ճորտատիրության երկրներին հատուկ բնորոշ կողմերը՝ երկրի կայուն քաղաքական հիմքի բացակայության պաաճառով: Այստեղ գերակշռում էին առատ գյուղացիական համայնքները, որոնց աշխարհիկ տերերին և եկեղեցուն տալիս էին սահմանված հարկերն ու տուրքերը և անհրաժեշտ դեպքերում կատարում նաև արտատնտեսական բնույթի աշխատանքներ։ Տիրապետող դասակարգերի դեմ Սյունիքում ծայր առած գյուղացիական հուզումները տեղի են ունեցել սոցիալական հողի վրա, որոնք նպաստավոր պայմաններում կարող էին ունենալ քաղաքական ուղղվածություն։ Այսպես են բռնկվել ցուրաբերդցիների, տամալեկցիների և այլ «հին հայրենի տէրք» ազատ գյուղացիական համայնքների ընդվզումները, որոնք, ըստ էության, բուռն արձագանքներն էին թոնդրակեցիների հզոր շարժման։

Խելացիորեն օգտագործելով մոնղոլ խաներից տրված «ինջու»-ական իրավունքը, Սյունիքի հոգևոր և աշխարհիկ տերերը առանձնակի ուշադրություն դարձրեցին լուսավորության և դպրության գործին։ Համազգային հռչակ վայելեցին Գլաձորի ու Տաթևի համալսարանները, Հերմոնի, Սպիտակավոր Աստվածածնի, Եղեգիսի ու Սրկղոնքի գրչության օջախները, որոնք նպաստավորվում և հովանավորվում էին Պռոշյանների, Օրբելյանների և նահանգի եպիսկոպոսական աթոռի կողմից։ Հոգևոր-մշակութային կյանքի բուռն վերելքին մեծապես նպաստում էր այն կարևոր հանգամանքը, որ Սյունիքի և´ քաղաքական իշխանությունը, և՛ հոգևոր նվիրապետությունը գտնվում էին միևնույն՝ Օրբելյան տոհմի ձեռքին։

Ժամանակի հայ մտավորականության առաջադեմ ներկայացուցիչները (Ֆրիկ, Կիրակոս Գանձակեցի, Խաչատուր Կեչառեցի, Ստեփանոս Օրբելյան և այլք), ականատես լինելով ժողովրդական լայն զանգվածների սոցիալ-քաղաքական ծանր վիճակին, իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում տիրապետող մոնղոլ իշխանավորների դեմ։ 13-րդ դարի երկրորդ կեսին բռնկած հակամոնղոլական ապստամբությունների առաջնորդներ դարձան մի շարք հայ իշխաններ, որոնք հանուն ազատության տանջամահ եղան մոնղոլ բռնակալների ճիրաններում։ Խանական արքունիքը ենթակա ժողովուրդներին զսպելու նպատակով մշտապես գործի էր դնում «բաժանիր, որ տիրես» սկզբունքը, իրար դեմ լարելով խոշոր ավատական տների ռազմունակ առաջնորդներին։

Հարուստ փաստագրական նյութերը հիմք են տալիս եզրակացնելու, որ Սյունյաց թագավորության կործանման, ապա նաև Օրբելյան իշխանապետության վերացման համար հող նախապատրաստեցին հետևյալ պատճառները.